Խաղարկվեց հայկական ֆուտբոլի 2023/2024 մրցաշրջանի առաջին մրցանակը. Հայաստանի գավաթի եզրափակիչում «Արարատ—Արմենիան» ծանրագույն պայքարում առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ հաղթելով մրցակցին միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ Հանդիպումը երկրպագուների շրջանում երկակի զգացողություն է առաջացրել. Մի կողմից թիմերն անզիջում պայքար են մղել մինչև վերջ, մյուս կողմից էլ՝ խաղային որակների մասին կա դժգոհելու առիթ։ Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։
Նախ՝ խաղի մասին
Առաջին խաղակեսի մեկնարկը շատ լարված ստացվեց։ Երկու թիմերը զգուշությամբ էին խաղում։ Բնականաբար, «Արարատ-Արմենիան» վերահսկում էր գնդակը, իսկ «Ուրարտուն» ավելի շատ խաղում էր հակագրոհներով։ Առաջին վտանգավոր դրվագը ստեղծեցին Մինասյանի թիմի ֆուտբոլիստները։ Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո հարված կատարեց Արթուր Սերոբյանը, սակայն մոտ տարածությունից Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել գնդակը։ «Ուրարտուն» սպասեց իր պահին և հանդիպման 32-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Ձախ եզրից նույն Ժիրայր Մարգարյանի կատարած փոխանցումը հասավ Պերիշա Պեշուկիչին, որն էլ իր հերթին գնդակ մատակարարեց տուգանային հրապարակում հայտնված Միքայել Միրզոյանին։ Երիտասարդ կիսապաշտպանը մեկ հպումով բացեց խաղի հաշիվը։ Խփած գնդակից հետո մրցակիցը ճնշումը մեծացրեց և 5 րոպե անց կարողացավ խփել պատասխան գոլը։ Տենտոն Յեննեյի վտանգավոր հարվածը հետ մղեց Մելիխովը, բայց վրա հասած Ալեքսիս Ռոդրիգեսը կարողացավ գնդակը Արման Ղազարյանի ջանքերով ուղարկել դարպասը։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի զուսպ պայքարում և թիմերը մտածում էին ամուր պաշտպանության մասին։ «Ուրարտուն» ընդմիջումից հետո տիրում էր առավելությանը և ավելի շատ էր գրոհներ ձեռնարկում։ 62-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը ձախ եզրից շարժվեց առաջ և հարվածեց, բայց ԱԱ-ի պաշտպանը հեռացրեց գնդակը դաշտի սահմաններից։ Մի քանի րոպե անց Տարախչյանը ևս մեկ դրվագ ունեցավ, բայց շրջանցելով դարպասապահին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը. Գնդակը դիպավ դարպասաձողին։ Երկրորդ կեսի միջնամասում «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ։ Ստանդարտից հետո հարվածեց Ցիմբալյուկը։ Անդրադարձից հետո գնդակը հայտնվեց Դրաման Սալուի մոտ, որն էլ դարձավ գոլի հեղինակ, բայց մինչև այդ Ցիմբալյուկը բախվել էր Արսեն Բեգլարյանի հետ, և գլխավոր մրցավարն արձանագրեց խախտում, և գոլը չեղարկվեց։ 75-րդ րոպեին արդեն հարվածի փորձ կատարեց Արթուր Սերբոյանը, բայց այս անգամ խաղի մեջ մտավ Ալեքսանդր Մելիխովը։ Անցավ մի քանի րոպե, և «Ուրարտուն» ուներ հաղթանակ կորզելու հիանալի հնարավորություն։ Պեշուկիչի փոխանցումը եզրափակեց Ջիկիան, բայց Բելգարյանը կրկին փրկեց իր թիմին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, և թիմերը գնացին լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի ամենակարևոր իրադարձություններից մեկը «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանի՝ խաղադաշտ վերադառնալն էր, որը մրցաշրջանի սկզբում ստացել էր ծնկի ծանր վնասվածք։ Խաղը տեղափոխվեց հարվածաշար, որտեղ ամեն ինչ վճռեց Ժիրայր Մարգարյանի վրիպումը։ «Արարատ-Արմենիան» հաղթեց 5-3 հաշվով և դարձավ Հայաստանի գավաթակիր։
Լեոն Սաբուան՝ մեկնարկային րոպեներից
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն գավաթային հանդիպման համար ընտրեց այնպիսի մեկնարկային կազմ, որը համացանցում հայտնվելուն պես կասկած հարուցեց։ Առաջնահերթ դա վերաբերվում է Լեոն Սաբուային։ Ռուս հարձակվողն այս մրցաշրջանում վստահ հանդես չի գալիս, եթե չասենք ավելին. Թեմուր Ջիկիայի բացակայությամբ Սաբուան առաջնության երկրորդ հատվածում Գունկոյի միակ ընտրությունն է որպես կենտրոնական հարձակվող։ Ակումբի զարմանալի քաղաքակոնթյունը (ձմռանը հրաժարվել Մաքսիմենկոյի և Սանոգոյի ծառայություններից) այսօր ունեցավ իր բացասական ազդեցությունը։
Մեջքի ծանր վնասվածքից հետո Սաբուայի վերականգնումը երկար է տևում, ինչն ուղիղ ազդել ու ազդում է նրա արդյունավետության վրա։ Բայց Գունկոն հենց այնպես չէր Սաբուային դուրս բերել խաղադաշտ առաջին րոպեներից։ Օգտագործելով իր թիմի` 3 պաշտպանով սխեմայի ուժեղ կողմերը, Գունկոն Սաբուային հանձնարարում էր նահանջել տուգանայինից դուրս և այնտեղ թիկունքով դարպասին կանգնած ընդունել գնդակը և խաղարկել այն եզրերում բարձր տեղավորված Պեշուկիչի ու Մարգարյանի հետ։ Մի բան, ինչը չի կարողանում անել Թեմուր Ջիկիան։ Այո, դրանով «Ուրարտուն» կորցրեց սրությունն առջևի գծում, բայց փոխարենը կենտրոնում առաջացրեց քաոսային շարժում, ինչն էլ դարձավ խփած գոլի գրավականը։
Բացի դրանից, Գունկոն այս լուծմամբ, ամենայն հավանականությամբ, ապահովագրում էր իրեն լրացուցիչ ժամանակից, որտեղ իր թիմին, կարծես, անիծած լինեն (դրա մասին՝ մի քիչ ներքև)։ Թեմուր Ջիկիան ճիշտ պահի դուրս եկավ խաղադաշտ երկրորդ կեսում ու մնաց դաշտում մինչև վերջ՝ ապահովելով թարմ ուժ առջևի գծում։ Հակառակ պատկերի դեպքում Սաբուան կլիներ թարմ, իսկ թիկունքից ու եզրերից գործող ֆուտբոլիստները չէին կարողանա նրա հետ լիարժեք կոմբինացիոն ու արագ ֆուտբոլ խաղալ։
Տենտոն Յեննեն դաշտում չէ՞ր
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լուրջ խնդիր ուներ լուծելու. Գավաթի կիսաեզրափակիչ խաղի վերջնամասում հիմար կարմիր քարտ ստացավ ու իր թիմին ծանր կացության մեջ դրեց այս մրցաշրջանի ամենավառ ֆուտբոլիստներից մեկը՝ Մոհամեդ Յատարան։ Նիգերիայի հարձակվողը կրակագծում պարզապես անկասելի էր այս մրցաշրջանում։ Նույնը վերաբերվում է Տենտոն Յեննեին։ ԱԱ-ի հարձակողական դուետն այս տարի թիմի հավանական չեմպիոնության գլխավոր գրավականներից մեկն է։ Բայց «Ուրարտուի» հետ եզրափակիչում զույգը չկար Յատարայի որակազրկման պատճառով։ Տենտոնը դաշտում էր, բայց, միևնույն ժամանակ, դաշտում չէր։ Յատարայի փոխարեն առաջին րոպեներից դաշտ դուրս եկած Ալեքսիս Ռոդրիգեսը թեպետ ակտիվ էր, բայց Տենտոնի հետ համագործակցությունը չստացվեց ինչպես հարկն է։
Տենտոն Յեննեն գործում էր գրոհի աջ եզրում և հիմնականում փորձում էր ռոբբենական ոճով վերցնել գնդակն ու թիմակիցների օգնությամբ կիսաեզրից կա՛մ ներխուժել տուգանային հրապարակ, կա՛մ տեղափոխվել կենտրոն և այնտեղ զարգացնել գրոհը։ Բայց միայնակ անել այս ամենը Տենտոնի մոտ չստացվեց։ Պատճառների մասին կարելի է երկար խոսել, բայց հիմնական թեզերը երեքն են՝ կուտակված հոգնածություն, Մոհամեդ Յատարայի բացակայություն, «Ուրարտուի» պաշտպանական գծի նախախաղային անթերի վերլուծություն։
Գունկոն և իր անվերջ խնդիրները պաշտպանությունում
Մրցաշրջանի ընթացքում Դմիտրի Գունկոն բզկտեց իր թիմի պաշտպանությունը, ինչի պատճառով ակումբի ելույթներն այդքան անկայուն էին։ Իր ասուլիսներից մեկի ընթացքում նա հայտարարել է, որ թիմի հաղթանակների գլխավոր գրավականը պաշտպանության անփոփոխ լինելն է, հատկապես՝ երբ խոսվում է կենտրոնական պաշտպանների զույգի/եռյակի մասին։ Տարատեսակ խնդիրների պատճառով Գունկոն ստիպված է եղել այս մրցաշրջանում դաշտ դուրս բերել իր բոլոր պաշտպաններին՝ տարբեր «համադրություններով»։ Այս պահին ասել՝ ո՞ր կենտրոնական պաշտպանն է «Ուրարտուում» հիմնական, չի համարձակվի ոչ ոք։ Մրցաշրջանի սկզբում միակ թեկնածուն Էրիկ Փիլոյանն էր, սակայն ձմեռային հավաքի ընթացքում նա վատացրեց հարաբերությունները Գունկոյի հետ և կորցրեց տեղը մեկնարկային կազմում։ Այնուհետև ակումբի վարած ապիկար տրանսֆերային քաղաքականության պատճառով Փիլոյանը ստիպված էր լինում փակել աջ պաշտպանի՝ մերկ մնացած դիրքը՝ Նանայի հեռանալու և Պեշուկիչի վատ ելույթների պատճառով։ Փիլոյանը կորցրեց իր լավագույն որակները և, մրցաշրջանն սկսելով որպես հիմնական ու անփոխարինելի պաշտպան, գավաթի եզրափակիչում խաղաժամանակ գրեթե չստացավ։
Արման Ղազարյանի հետ գրեթե նույն պատմությունն էր։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Գունկոն այդպես էլ չկողմնորոշվեց՝ Արմանը հենակետային կիսապաշտպան է, թե՞ կենտրոնական պաշտպան։ Դրանից ելնելով՝ Արմանը սկսեց մի փոքր անկայուն խաղալ և հիմնական կազմում զրկվեց իր տեղից։ Իհարկե, լավագույն կյանքից չէ, որ Գունկոն նման կտրուկ փոփոխությունների է գնում, բայց դա չի կարող արդարացում լինել. պաշտպանությունում «Ուրարտուի» խաղը տարերային աղետ էր։
Մինասյանն ու իր զգուշությունը
Առհասարակ կար տպավորություն, որ գոլ խփելուց հետո «Արմենիան» այլևս չցանկացավ մեծ ուժերով գրոհել և խուսափեց հետագա բարդություններից։ Մենք սովորել ենք արդեն Վարդան Մինասյանի՝ ուժերի մինիմալ օգտագործմանը։ Ըստ վիճակագրության, Հայաստանի առաջնությունում հենց ԱԱ-ն է ամենից շատ գոլեր խփում 76-րդ րոպեից հետո՝ 20։ Դրանով էլ, հիմնականում, պայմանավորվում են Մինասյանի թիմի մեկ գնդակի առավելությամբ հաղթանակները՝ կորզած վերջին րոպեներին։ Բացի դրանից, նույն ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» բաց է թողել 11 գնդակ, ինչը, օրինակ, չեմպիոնական մրցավազքի մասնակից թիմերի շրջանում ամենավատ ցուցանիշն է։ Վարդան Մինասյանը տակտիկական գուրու է և այս ամենի մասին չէր կարող չմտածել։
Ֆուտբոլն ու իր դաժան կողմը
Ու նորից Ժիրայր Մարգարյանի մասին։ «Արարատ-Արմենիայի» դեմ գավաթային եզրափակիչում նրան բաժին էր հասել անհատապես շատ ուժեղ մրցակից, եթե չասենք ավելին. Գրոհի աջ եզրում ԱԱ-ն դաշտ էր դուրս բերել Արթուր Սերոբյանին։ Երիտասարդ վինգերը ամեն կերպ փորձեց ապակողմնորոշել «Ուրարտուի» ավագին։ Մանավանդ, առաջին կեսում գնդակը հաճախ էր հայտնվում Մարգարյանի թիկունքում։ Այդպես «Արմենիան» փորձում էր օգտագործել Սերոբյանի հրթիռային արագությունն ու կտրուկությունը, բայց Ժիրայրն անանցանելի էր։ Մինասյանն ամեն կերպ փորձում էր նոր խնդիրներ առաջարկել Մարգարյանին՝ նրա եզր ուղարկելով փոխարինման մտած Ջոնաթան Դուարտեին և Կամո Հովհաննիսյանին։ Այսքանին զուգահեռ, Ժիրայրը հասցնում էր մասնակցել նաև թիմի գրոհներին և անում էր դա բավական արդյունավետ։ Հենց նրա սրող փոխանցումից հետո Պեշուկիչը գոլային փոխանցում կատարեց Միքայել Միրզոյանին։ Բայց «ֆուտբոլը տորթ չէ, որ միշտ պետք է կծես և համեղ լինի»։ Այստեղ լինում են և դառը բաղկացուցիչներ։ Ճակատագիրը երես թեքեց Ժիրայր Մարգարյանից։ Մոտենալով առաջինը գնդակին որպես թիմի ավագ՝ նա բավական անվստահ հարվածեց։ 11 մետրանոցներից սովարաբար ոչ այնքան ուժեղ Արսեն Բեգլարյանը գերազանց ցատկով հետ մղեց գնդակը։ Այս վրիպումն էլ դարձավ վճռորոշ ու ճակատագրական։
«Արարատ-Արմենիան» նվաճեց գավաթը, իսկ «Ուրարտուն» երրորդ անգամ անընդմեջ տանուլ է տալիս 11 մետրանոց հարվածաշարը։
Ռոբերտ Գասպարյան