«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ օրերս կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող. դորտմունդցիները «կարմիր սատանաներին» կվճարեն 3 միլիոն եվրո՝ խաղացողին վարձակալելու համար մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբների միջև գործարքը գրեթե վերջնական փուլում է։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մանկունիանցիները կվճարեն Սանչոյի աշխատավարձի մի մասը։ Ջեյդոնը դադարել է ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
Իր կարիերայի սկզբում 22-ամյա անգլիացին արդեն հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը երեք խաղ և արդյունավետ չի գործել։