Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպեց «Արարատ-73» ֆուտբոլային լեգենդար թիմի անդամներին: Կենտրոնական բանկ էին այցելել Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Արկադի Հարությունյանը:
Ողջունելով հյուրերին՝ Մարտին Գալստյանը բարձր է գնահատել վերջիններիս ավանդը հայկական ֆուտբոլի հանրահռչակման գործում: Նա նշել է, որ «Արարատ-73»-ի տպավորիչ ելույթներն ու նվաճումները մինչ օրս ջերմ հուշեր ու հպարտության զգացմունքներ են արթնացնում ավագ սերնդի մոտ և վարակիչ օրինակ են ներկայիս սերնդի համար: Նա նշել է, որ Կենտրոնական բանկն իր դրամագիտական թողարկումների շրջանակում մշտապես անդրադառնում է հայկական արվեստի, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում նշանակալի և պատմական ձեռքբերումներին, և այս տարի թողարկել է «Արարատ-73» ոսկե դուբլի 50-ամյա հոբելյանին նվիրված արծաթե հուշադրամներ:
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպման մասնակիցներին հանձնել է այդ հուշադրամները՝ հույս հայտնելով, որ դրանք իրենց արժանի տեղը կզբաղեցնեն նրանց բազմաթիվ մրցանակների և պարգևների շարքում:
Լեգենդար ֆուտբոլիստները կիսվել են իրենց հուշերով, հետաքրքիր դրվագներ ներկայացրին իրենց հարուստ մարզական անցյալից: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին բանկի Այցելուների կենտրոնում, որտեղ նրանք ծանոթացել են Կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուին: