Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ իրեն այլևս չի վախեցնում ֆուտբոլում որևէ աշխատանք՝ ազգային հավաքականը գլխավորելուց հետո։
«Հիշում եմ, որ խոսեցի Ժոզե Մոուրինյուի հետ, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդում» էր, և նա ասաց, որ եթե ես հավաքականում հաջողության հասնեմ, ապա կկարողանամ աշխատել ցանկացած թիմում: Յոթ տարի անց ես հասկանում եմ, որ նա իրավացի էր։
Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը, քանի որ աշխատում եմ լավ մարդկանց կողքին։ Մենք ունենք խաղացողներ, որոնք մեզ շատ են դուր գալիս։ Նրանք արձագանքում են, ցանկանում են կատարելագործվել։ Մենք աշխատում ենք լավագույն խաղացողների հետ, ուստի դա արտոնություն է: Իսկ մեծ հանդիպումներում հաղթելն, իհարկե, հաճույք է պատճառում»,- Սաութգեյթի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Սաութգեյթը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը 2018 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը, 2019 թվականին Ազգերի լիգայում դարձել է երրորդը, իսկ Եվրո-2020-ում դարձել արծաթե մեդալակիր։