ՀՖՖ գործկոմը 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին. գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը վերընտրվեց նախագահի պաշտոնում:
25 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել են 23-ը: Արաս Օզբիլիսը ստացել է ընդամենը 3 ձայն:
«Իմ առաջադրվելն ինքնանպատակ չէ. այս 4 տարիներին արել ենք ահռելի աշխատանք: Չարածի համար ներողություն եմ խնդրում, իսկ ընտրվելու դեպքում խոստանում եմ անել ավելին: Մեր թիմը պատրաստ է մարտահրավերների: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլի քարտեզի վրա չմնան բաց տեղեր»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը ու տեղեկացրել, որ իր կարևորագույն խնդիրը լինելու է գործող ռազմավարության գնահատումն ու նոր ռազմավարության ստեղծումը:
«Գալիք ամիսներին պատրաստ ենք համագործակցել բոլոր ակումբների հետ, ապահովել հավասարության սկզբունքը: Շնորհակալություն եմ հայտնում այս ամբողջ ընթացքում հնչած կառուցողական քննադատության համար, որ հնչել են տարբեր մարդկանց կողմից: Միասին կաշխատենք հայկական ֆուտբոլի զարգացման համար»,- եզրափակել է Արմեն Մելիքբեկյանը: