Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ հերթական ժողովի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ ՀՖՖ ժողովին լրագրողների ներկայություն նախատեսված չէ:
Ժողովն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Youtube-յան պաշտոնական ալիքով՝ սկսած 13:00-ից։
ՀՖՖ-ի նոր ղեկավարը կընտրվի առաջիկա 3 տարվա համար։ Թեկնածուներն են ՀՖՖ գործող նախագահ, «ՖԱ Անին» ներկայացնող Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտուն» ներկայացնող Արաս Օզբիլիզը։
Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է դարձել 2019 թվականին։ Այդ ժամանակ քվեարկել են գործկոմի 23 անդամներ։ Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն և ընտրվեց ՀՖՖ նախագահ, երկրորդ թեկնածու Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն, ևս 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։
Ինչպե՞ս կանցկացվի քվեարկությունը 2023 թվականին
ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունը կանցկացվի քվեարկությամբ, որին կմասնակցեն ՀՖՖ Գործկոմի 25 անդամներ։ Հնարավոր 25 ձայներից առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կդառնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը մինչև 2026 թվականը։
Այս պահին հայտնի է, որ Արաս Օզբիլիսի թեկնածությունը պաշտպանել են ՀՖՖ 3 անդամներ՝ «Դովեղը», «Փյունիկը» և «Ուրարտուն», Արասին սատարել է նաև «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն, թե ինչիսին կլինի ակումբի դիրքորոշումը, հայտնի չէ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստում Գործկոմի անդամները կողմ են քվեարկել 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն։