«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կիսել են երկրորդ տեղը «տարվա մարզիկ» անվանակարգում՝ ըստ Associated Press հեղինակավոր հրատարակության։
Նրանք ստացել են 16-ական ձայն։ Ճապոնացի բեյսբոլիստ Շոհեյ Օհտանին 20 ձայնով հաղթել է քվեարկությունում։ Նշենք, որ Օհթանին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ է ճանաչվել AP-ի տարվա լավագույն մարզիկ։
«Դենվեր Նագեթսի» և Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականի կենտրոնական Նիկոլա Յոկիչը քվեարկության արդյունքում 12 ձայնով զբաղեցրել է չորրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Մեսսին ավելի վաղ ճանաչվել էր Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ։ 2023 թվականին Մեսսին ՊՍԺ-ի հետ նվաճել է Լիգա 1-ը և Ֆրանսիայի Սուպերգավաթը, ինչպես նաև նպաստել է «Ինտեր Մայամիի» առաջին գավաթը նվաճելուն (Լիգայի գավաթ): Հոկտեմբերին արգենտինացին դարձել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր։