Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Մայնցի» հետ ոչ-ոքիի մասին (1:1)։
«Խաղը ցույց տվեց, որ թիմը երկու դեմք ունի, և դա շատ հաճախ է լինում։ Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը, տիրում էինք գնդակին և շատ արդյունավետ էինք պրեսինգի հարցում: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։
Բացի այդ, մենք մնացել էինք 10 հոգով Ալերի վնասվածքի պատճառով։ Այնուամենայնիվ մենք մոտ էինք հաղթական գոլը խփելուն։ Ձմեռային արձակուրդի ենք մեկնում հիասթափված»,- Թերզիչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
16 տուրից հետո «Բորուսիան» 27 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի հինգերորդ հորիզոնականը։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (39 միավոր):