«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ձախ ազդրի ջիլի վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս։ Հաղորդում է լրագրող Քերի Հոուն։
Ավելի վաղ մյունխենյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել էր, որ 28-ամյա գերմանացին աճուկի լարվածություն ունի, ինչի պատճառով նա չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին՝ չնշելով դրանց կոնկրետ թիվը։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում (1:5) Գնաբրին փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին Քինգսլի Կոմանի փոխարեն, իսկ 68-րդ րոպեին բախումից հետո լքել է խաղադաշտը։
Այս մրցաշրջանում սա Գերմանիայի հավաքականի առաջին վնասվածքը չէ: Նա նախկինում վնասվածքներ էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել մեծ թվով հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել ու արդյունավետ չի գործել։
Անցած մրցաշրջանում Սերժն ազգային առաջնության 34 խաղում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Գնաբրին Բունդեսլիգայի միակ խաղացողն է, ով վերջին յոթ մրցաշրջաններում 10+ գոլ է խփել: