«Լիոն» ֆուտբոլային ակումբը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք տրանսֆերներ ձևակերպել։
Ակումբի ղեկավարությունն ակնկալում է հինգ ֆուտբոլիստ ձեռք բերել՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում տեղը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ակումբի հնարավոր նորեկների թվում են «Վեսթ Հեմի» մարոկկացի պաշտպան Նայեֆ Ագերը, լոնդոնցիների ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենրահման, «Միլանի» բոսնիացի կիսապաշտպան Ռադե Կրունիչը, ինչպես նաև ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեն։ Այս ֆուտբոլիստները ձմռանը կարող են միանալ «Լիոնին» կամ ամբողջական տրանսֆերի տեսքով, կամ վարձավճարով:
Հաղորդվում է, որ «Լիոնը» այս ձմռանը կկարողանա 50 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների վրա՝ չհաշված սեփական ֆուտբոլիստների վաճառքից ստացված գումարները։
Ակումբը կողմնորոշվել է նաև գլխավոր մարզչի հարցում․ Խորխե Սամպաոլին կարող է դառնալ «Լիոնի» նոր գլխավոր մարզիչը, գրել է լրագրող Գաստոն Էդուլը։ Անցած շաբաթ ակումբը հայտարարեց Ֆաբիո Գրոսոյին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Նա թիմը մարզել է այս տարվա սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Լիոնը» անցկացրել է 7 հանդիպում՝ հաղթելով 1-ում և երկու անգամ ոչ-ոքի խաղալով։
Ֆրանսիայի առաջնության 14 տուրերից հետո «Լիոնը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։