«Ռոմայի», «Ինտերի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը համալրել է ինդոնեզական «Բայանգկարա» ակումբը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է թիմի մամուլի ծառայությունը։
Ներկա պահին «Բայանգկարան» Ինդոնեզիայի առաջնությունում վերջին տեղում է։ 21 խաղում թիմը վաստակել է 11 միավոր։
Իր կարիերայի ընթացքում 35-ամյա Նայինգոլանը հասցրել է հանդես գալ Բելգիայի ու Իտալիայի առաջնություններում։ Ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 367 հանդիպում՝ խաղալով «Կալյարիում», «Ռոմայում» և «Ինտերում», որոնցում խփել է 48 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը ՍՊԱԼ-ն էր, որի պայմանագրի ժամկետն ավարտվել է 2023 թվականի ամռանը։ Ռաջան խաղացել է նաև «Անտվերպենում»։ Բելգիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի հեղինակ։