Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով։
Պորտուգալիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ են դարձել Գոնսալո Ինասիոն, Գոնսալո Ռամոսը և Դիոգո Ժոտան։ Եվս մեկական գոլ խփեցին Ռիկարդո Հորտան, Բրունո Ֆերնանդեշը և Ժոաո Ֆելիշը։
Պորտուգալիայի հավաքականը հաղթել է բոլոր վեց հանդիպումներում և վստահորեն գլխավորում է աղյուսակը ընտրական J խմբում՝ խփելով 24 գոլ և բաց չթողնելով ոչ մեկը։
Այս խմբի մեկ այլ խաղում Իսլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ 1-0 հաշվով։
Սլովակիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Լիխտենշտեյնի թիմին 3-0 հաշվով՝ երեք գոլերն էլ խփելով հանդիպման հենց մեկնարկում։