ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
«Ամեն ինչ անում ենք լավագույնս վերականգնվելու համար՝ մեր բժիշկները, մերսողները, նաև GPS համակարգի տվյալներն ենք ստանում՝ հասկանալու համար, թե տղաներն ինչ վիճակում են։ Ինչի՞ հաշվին կարող ենք հաղթել․ նախ խաղում ենք տանը, ինչը մեծ մոտիվացիա է մեզ համար, նաև մեր նվիրումը խաղին, ու պակաս կարևոր չի լինի նաև հաջողության գործոնը։
Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին․ չգիտեինք, որ նա վնասվածք ունի, նա մեզ ոչինչ չէր ասել։ Սլովանի դեմ խաղի վերջում տեսա, որ ընկավ, հասկացա, որ վնասվածք ունի, բայց նա ժամանեց ու մեր բժիշկների զննումներից հետո պարզ դարձավ, որ չի կարող խաղալ։
Ժիրայր Շաղոյա՞նը․ պետք է աճ գրանցել, գոլեր խփել, հարձակման գծում մրցակցությունը շատ մեծ է․ ես բոլորին հետևում եմ։ Շաղոյանը հնարավորություն ունի վերադառնալու, եթե աճ գրանցի, խաղա, գոլեր խփի։
Հայաստանի առաջնության մասին․ առաջընթաց տեսնում եմ։ Դուք մասնավոր ակումբներ ունեք, ներդրողներ, ինչը լավ է։ Վստահ եմ՝ տարեցտարի ամեն ինչ լավ կլինի։ Չէի սպասում, որ Երևանն այսքան գեղեցիկ կլինի։ Կարծում եմ՝ նոր մարզադաշտն է պակասում այս քաղաքին։ Շատ մարդիկ ցանկանում են գալ ֆուտբոլ դիտել, բայց համապատասխան մարզադաշտ չկա։ Ինչ վերաբերում է առաջնությունում հանդես եկող խաղացողներին, ապա այս պահին չկան խաղացողներ, որոնք հետաքրքիր են հավաքականին։ Դեռ երիտասարդական հավաքականի խաղերը չեմ հասցրել դիտել։ Երիտասարդների հետ միշտ զրուցում եմ, հորդորում եմ տեղափոխվել արտասահմանյան թիմեր, չլճանալ այստեղ ու իրենց ուժերը փորձել դրսում։
Բիչախչյանի և Հարոյանի մասին․ Հարոյանը կարևոր խաղացող է թիմի համար, թիմի ավագն է։ Երեկ միասին ընթրեցինք ու տուն ուղարկեցի նրան։ Բայց նա թիմի կողքին է, այսօր ևս մարզվելու է մեզ հետ։ Վաղը կտեսնեք, թե ով կլինի հավաքականի ավագը։ Նախկինում հավաքականում այլ սկզբունք էր գործում․ ավագ էր լինում նա, ով ամենից շատ հանդիպումներ էր անցկացրել, առաջարկեցի փոխել այդ սկզբունքը, ինձ հետ համաձայնվեցին։ Իսկ թե ով կլինի, վաղը կտեսնեք։ Ինչ վերաբերում է Բիչախչյանին, ապա ձեռքի խնդիր ունի, եթե այսօրվա մարզումից հետո հասկանանք, որ պատրաստ է խաղալ, վաղը դուրս կգա խաղադաշտ։
Եվրո-2024-ում Հայաստանի հավաքականի պոտենցիալի մասին․ Խաղացողների լայն ընտրություն չունենք։ Դժվար է անգամ ռոտացիա կատարելը։ Բայց գիտեք հիմա այնպես է ստացվել, որ խաղացողներն իրենք են խնդրում հրավիրվել Հայաստանի հավաքական։ Մենք 4 խաղ ենք անցկացրել։ Թուրքիայի դեմ խաղից առաջ տղաներին ասել եմ, որ 5 եզրափակիչ է մեզ սպասվում։ Թուրքիայի դեմ եզրափակիչն անցանք։ Հիմա հերթը Խորվաթիայի դեմ խաղինն է։ Ինձ դուր է գալիս այն ,թե տղաներն ինչպես են վերաբերվում իրենց գործին։
Նորբերտո Բրիասկոյի և Սարգիս Ադամյանի մասին․ ես գոհ եմ իմ խաղացողներից։ Նրանից, թե ինչպես խաղացին ու նաև, թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին։