Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր վերջին մարզումն է անցկացրել Օլիմպավանում` Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարի 10 բռնցքամարտիկ`52 կգ Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Արման Դարչինյանը, 81 կգ Գոռ Ներսիսյանը, 91 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Կանանց պայքարում հանդես կգան 51կգ Անուշ Գրիգորյանն ու 69 կգ Անի Հովսեփյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նվազագույնը 3, իսկ առավելագույնը` 5 օլիմպիական ուղեգրի սպասելիք ունի: Ասում է`բոլորը պատրաստ են ու լավ մարզավիճակում են գտնվում:
-Պարոն Մեհրաբյան, վերջին մարզումն եք անցկացնում Օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Մինչ այս նշում էիք, որ բռնցքամարտիկներն աստիճանաբար մոտենում են իրենց պիկին, հիմա ի՞նչ մարզավիճակում են գտնվում:
-3 օր առաջ ստուգողական մարտեր անցկացրինք, կարող եմ ասել, որ բավականին լավ տպավորություն ստացա: Համոզված եմ` մինչև վարկանիշային մրցումները` մարտի 13-ը, արդեն շատ ավելի լավ վիճակում կլինենք: Իհարկե, այսօր հավաքի վերջին օրն է, կարճ մարզում ենք անցկացնելու`նպատակային, ինչից հետո մարզիկները կստուգեն իրենց քաշերը ու կավարտենք հավաքը:

-Ի՞նչ եք կարծում քանի՞ վարկանիշ կստացվի ձեռք բերել:
-Դա կախված է վիճակահանությունից, մրցավարների օբյեկիվ գործողություններից և այլ հանգամանքներից … ես բազմիցս ասել եմ, որ իմ նպատակն է նվազագույնը 3, առավելագույնը` 5 օլիմպիական ուղեգիր նվաճելը: Չեմ ցանկանա անուններ նշել:
-Հովհաննես Բաչկովն այսօր բացակայում է թիմի մարզումից: Ի՞նչն է պատճառը:
-Բաչկովը գնացել է տուն, Գյումրիում ինչ-որ հարցեր ուներ: Վաղը միանգամից օդանավակայան կգա:
-Ինչպես հայտնի է` առաջիկա մրցաշարին 10 բռնցքամարտիկ է մասնակցելու: 52 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանի բացակայության մասին ի՞նչ կասեք:
-Արթուրը պատրաստվում է երկրորդ վարկանիշային մրցաշարին: Քանի որ առաջին մրցաշարին մասնակցում են «Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողները: Իսկ այդ քաշային կարգում հաղթող դարձավ Կորյուն Սողոմոնյանը:

-Եթե Կորյունն օլիմպիական ուղեգիր նվաճի, ի՞նչպես է որոշվելու, թե նրանցից ով կմասնակցի Տոկիո-2020-ին:
-Այդ դեպքում Կորյունը կմասնակցի, քանի որ ի տարբերություն այլ մարզաձևերի, բռնցքամարտում օլիմպիական ուղեգրերն անվանական են: Ով նվաճում է ուղեգիրը է, նա էլ մասնակցում է Օլիմպիական խաղերին: Մենք փոխելու իրավունք չունենք:
-Իսկ առհասարակ օլիմպիական քվոտաներն ի՞նչ կարգով են խաղարկվում:
-52, 57, 63 կգ քաշային կարգում 1-ից 8-րդ հորիզոնականները զբաղեցրած բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրեր կնվաճեն: 69, 75, 81 կգ քաշային կարգերում 1-ից 6-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները վարկանիշ կնվաճեն, իսկ 91 ու գերծանր քաշային կարգերում 4 ուղեգիր կխաղարկվի:
-Նշեցիք, որ 3-5 օլիմպիական ուղեգրերի սպասելիքներ ունեք: Ի՞նչ է արվել, որպեսզի այդ սպասելիքներն արդարացվեն: Ի՞նչ նախապատրաստություն է անցել հավաքականը:
-Մի շարք հավաքներ ենք անցկացրել: 16 օր հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում, ինչից հետո մեկնել ենք Ուկրաինա ու համատեղ հավաք անցկացրել Լեհաստանի, Չեխիայի և Ուկրաինայի երկրորդ հավաքական թիմի հետ: Հավաքից հետո տեղի ունեցան մրցումներ, որտեղ բավականին լավ հանդես եկանք: Երկուսը պարտվեցին, մնացածը հաղթեցին: