Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ այսօր «Լաչինի սահմանային կետում ձերբակալված հայ ֆուտբոլիստների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գրում է civilnet.am-ը:
Երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս Արցախի երեք բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր դրոշը անարգելու մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հայ ֆուտբոլիստների կողմից Ադրբեջանի Հանրապետության դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առնչությամբ» հարուցվել է քրեական գործ։
«Նախաքննության մեջ ներգրավված անձինք՝ պաշտպանական իրավունքներով երաշխավորված, հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց արարքը և նշել, որ անկեղծորեն զղջում են և ասել, որ հետագայում նման գործողություններ չեն անի։ Հաշվի է առնվել մեղադրյալների տարիքը, կատարած արարքն անկեղծորեն ընդունելու նրանց զղջումը, և քրեական դատավարության օրենսդրության պահանջներով և մարդասիրական սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- նշված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեք երիտասարդների նկատմամբ նշանակել է տասը օրով վարչական կալանք։
«Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- նշվում է հաղորդագրությունում։