Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Ազգերի լիգայի կիսաեզրափակչի՝ Իսպանիայի հետ խաղից առաջ նշել է, որ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալը մեծ ձեռքբերում է իրենց համար։ «Սկուադրա Աձուրան» Եվրո-2020-ում հաղթելուց հետո չմասնակցեց Կատարում կայացած աշխարհի 2022 թվականի առաջնությանը:
«Առաջին հերթին եզրափակիչ մրցաշար վերադառնալը մեծ ձեռքբերում է։ Խմբային փուլում մենք ունեինք այնպիսի ուժեղ մրցակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Անգլիան ու Հունգարիան։ Մենք դուրս ենք եկել փլեյ-օֆֆ և պարզ է, որ ցանկանում ենք հաղթել, ինչպես բոլորը, բայց դա հեշտ չի լինի: Ես պետք է ընտրություն կատարեի ըստ կադրերի: Ցավոք, ինչ-որ մեկը դուրս մնաց, բայց բոլոր տղաները, ովքեր այստեղ են, արժանի են դրան»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ազգերի լիգայի կիսաեզրափակչի Իսպանիա — Իտալիա հանդիպումը կանցկացվի հունիսի 15-ին Էնշեդեի (Հոլանդիա) «Դե Գրոլս Վեստ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: