Քենիայում տղամարդ շախմատիստը կանանց մրցաշարին մասնակցելու համար կին է ձևացել։
Խաղացողը, ում անունը չի հրապարակվում, Նայրոբիում անցկացվող Kenya Open-ի կանանց մրցաշարին գրանցվել է Միլիսենտա Ավոր անունով: Նա կասկած է առաջացրել, երբ հաղթել է երկրի նախկին չեմպիոն Գլորիա Ջումբային և Ուգանդայի առաջատար շախմատիստուհի Ամպիրա Շակիրային։
Ինչպես նշում է Chess.com-ը, իր ինքնությունը թաքցնելու համար տղամարդն ամեն օր կրում էր նիկաբ՝ դեմքը ծածկող ավանդական կանացի գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով։
Պարտիաների ավարտից հետո շախմատիստը ոչ մեկի հետ չի խոսել։ Բացի այդ, մրցաշարին գրանցվելիս խաղացողը ոչ մի բառ չի ասել և պարզապես թղթի վրա գրել է իր անունը։
Սակայն մրցաշարի ընթացքում խաղացողներն ու դատավորները նկատել էին, որ նա տարօրինակ քայլվածք ուներ և կրում էր տղամարդու կոշիկներ:
Արդյունքում խաբեբայից պահանջվել է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Շախմատիստը, որը, պարզվեց, համալսարանի ուսանող է, խոստովանել է, որ խաբել է և ասել, որ դա արել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 42 հազար դոլար։ Կանանց մրցաշարում գլխավոր մրցանակը կազմել է 3815 դոլար:
Արդյունքում նա որակազրկվել է մրցաշարից և նրան սպասվում է կարգապահական տույժ: Նրա վաստակած միավորները չեղյալ են համարվել և շնորհվել մրցակիցներին։