«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու ծանր վնասվածքից հետո չի ավարտել կարիերան։
«Սկուդետոյից հետո ֆուտբոլից հեռանալը չափազանց հեշտ կլիներ: Ես երեք վիրահատություն եմ տարել վերջին 14 ամսվա ընթացքում։ Եղավ մի պահ, երբ ծնկի հետ կապված իրավիճակը չբարելավվեց. ես թունելի վերջում լույս չտեսա։ Հետո, վերջապես, ամեն ինչ ավելի ու ավելի լավացավ: Երբևէ մտածե՞լ եմ հեռանալու մասին: Երբեք: Խնդիրներն ինձ ադրենալին են տալիս։ Լրագրողները միշտ գրել ու ասել են իմ մասին, որ ես բոլորի նման չեմ, շատ եսասեր եմ։ Դուք օգնեցիք ինձ և շարունակում եք դա անել: Իմ ներսում միշտ ցանկություն կա ապացուցելու բոլորին, որոնք կասկածում են իմ ուժերի վրա, որ սխալվում են»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
41-ամյա հարձակվողը շարքից դուրս էր մնացել անցյալ տարվա մայիսին։ Այդ պահից նա գրեթե մեկ տարի խաղադաշտ դուրս չէր եկել։ Իբրահիմովիչն այս մրցաշրջանում առաջին անգամ խաղացել է Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ հանդիպմանը (2:0), որը կայացել է փետրվարի 26-ին։