Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ՊՍԺ-ից հեռանալը որակել է որպես իր կարիերայի ամենամեծ սխալ։ 45-ամյա Բուֆոնը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել փարիզյան ակումբում, իսկ այժմ խաղում է «Պարմայում»։
«Փարիզի փորձառությունն իմ կյանքում լավագույնն է: Պետք է ասեմ, որ հեռանալը, հավանաբար, իմ կարիերայի ամենամեծ սխալն էր։ Ինչո՞ւ հեռացա։ Նրանք ինձ ասացին. «Ջիջի, մենք շատ գոհ ենք քեզնից, բայց դու չես խաղա Չեմպիոնների լիգայի մեկնարկային կազմում։ Արեոլան կխաղա.։Ես մտածեցի, որ դա արդար չէ: Ինչպե՞ս կարող են մարտին ասել, որ հաջորդ մրցաշրջանում չես խաղա: Ի՞նչ է դա։ Դա սպորտ չէ։
Այլևս երբեք չեմ տեսնի ֆուտբոլի այն մակարդակը, որը տեսա ՊՍԺ-ում։ Մենք զգում էինք, որ այդ տարի հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում, քանի որ ավելի ուժեղ էինք, քան մյուսները: Ես կնոջս և գործակալին ասացի, որ մենք ձախողվեցինք: Նրանք եկել էին խաղալու երեխաներով (Բուֆոնը խոսում է 2019 թվականի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղի մասին, փարիզցիները ընդհանուր հաշվով պարտվել են և դուրս մնացել մրցաշարից)։ Դե Խեան, Լուկակուն և Ռեշֆորդն էին, բայց մնացածը երիտասարդ էին: Մենք հոգեպես չդիմացանք։ Սա, թերեւս, իմ կարիերայի ամենամեծ ափսոսանքն է: Մենք շատ ուժեղ էինք, մեգա-թիմ էինք»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում GFFN-ն։