Այս շաբաթ կկայանան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ կվարտետի առաջին հանդիպումները։
Փետրվարի 21-ին և 22-ին մենք ականատես կլինենք երկուական դիմակայության, որոնց էլ այս նյութում կանդրադառնանք։
⏳ Հանդիպումների ժամանակացույցը
21.02 ⏳ 00.00. «Լիվերպուլ»- «Ռեալ»
21.02 ⏳ 00.00. «Այնտրախտ- «Նապոլի»
22.02 ⏳ 00.00. «Լայպցիգ»- «Մանչեսթեր Սիթի»
22.02 ⏳ 00.00. «Ինտեր»- «Պորտու»

Արդեն Չեմպիոնների լիգայի համար դասական դարձած դիմակայություն՝ «Ռեալ»-«Լիվերպուլ»։ Ի դեպ, հանդիպում են մրցաշարի վերջին՝ 2022 թվականի եզրափակչի մասնակիցները։ Այսինքն, Կլոպին հնարավորություն է ընձեռվել ռևանշի հասնել մադրիդցիների նկատմամբ արդեն այս մրցաշրջանի 1/8 եզրափակչում։
Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։ «Լիվերպուլը» վերջին շրջանում կարծես թե վերգտել է իր խաղը, կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում, Գակպոն ու Նունեսը սկսել են գոլեր խփել․․․ Ամեն ինչ այս թիմում կարծես կարգավորվում է։ Բայց․․․ բայց «Ռեալի» գործերն էլ վատ չեն ընթանում, վերջին 10-ը խաղում ընդամենը մեկ պարտություն, մարզավիճակի հետ էլ կապված խնդիրներ չկան։ Գումարած, վերջերս հաղթեցին ակումբային ԱԱ-ն։ Այսինքն, հանդիպում են երկու թիմեր, որոնք բավականին լավ մարզավիճակում են, որոնց մոտ նկատվում է վերելք, ոչ թե հակառակը։ Ընդհանուր առմամբ, մի փոքր այս դիմակությունում առավելություն կտամ Անչելոտիի թիմին․․․ Եթե գնահատենք թիմերի հնավորությունները, ապա, կարծում եմ, 55%/45%` հօգուտ մադրիդցիների։ Ըստ իս, անկախ մերսիսայդցիների վերջերս գրանցած առաջընթացի, իսպանական թիմն այս պահին ավելի պատրաստ է այս դիմակայությանը։ Ինչպես Կլոպն էր օրերս ասել՝ «մենք մի քայլ առաջ ենք արել, բայց ինչ-որ իրական առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է»։ Սակայն, շատ բան այս դիմակայությունում կարող է կախված լինել հենց առաջին խաղից․․․ Այնպես որ, Էնֆիլդում մեզ շա՜տ հետաքրքիր դիմակայություն է սպասվում։

Շատ հետաքրքիր զույգ է «Այնտրախտ»-«Նապոլի» դուետը։ Երկու թիմն էլ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում։ «Այնտրախտը» վերջերս բավականին լավ է իրեն զգում ներքին առաջնությունում, հավակնում է լավագույն քառյակում հայտնվելուն, իսկ Կոլո-Մուանին անհավանական մարզավիճակում է։
«Նապոլին»․․․ նեապոլիտանացիները հենց հիմա, հենց այս պահին, եթե ոչ լավագույն, ապա նվազագույնն ամենակայուն թիմն են թոփ-5 լիգաներում, իսկ Օսիմհեն և Կվարացխելիա դուետը ամենաարդյունավետներից մեկն է այս պահին Եվրոպայում։ Եթե «Այնտրախտը» չհանդիպեր հենց իտալական ակումբին 1/8 եզրափակչում, ապա նրանց հնարավորություններն ավելի բարձր կլինեին դուրս գալու հաջորդ փուլ մեկ այլ մրցակցի հետ դիմակայությունում։ Այս «Նապոլիին» անցնելը պարզապես շատ, շատ, շատ բարդ առաջադրանք է։ Այնպես որ, այս զույգում ֆավորիտն ակնհայտ է։
Այս թիմերի միջև հանդիպումներն ամենադիտարժաններից մեկն է լինելու փլեյ-օֆֆում։

«Լայպցիգ»- «Մանչեսթեր Սիթի» զույգում ևս ֆավորիտն ակնհայտ է։ Ամենայն հարգանքներս գերմանական ակումբին, բայց Գվարդիոլայի թիմի արգելքը հաղթահարելը շատ դժվար կլինի Ռոզեի սաներին։
Թիմերը մոտենում են այս դիմակայությանը գրեթե առանց լուրջ կորուստների։ Առաջին հանդիպումը կկայանա Լայպցիգում, և շատ հարցերի պատասխան արդեն իսկ կարող ենք ստանալ առաջին դիմակայությունից հետո։ Այնպես որ, շատ բան ասելու այս զույգի մասին չկա։ Առաջիկա խաղերում ինտրիգներից մեկը կլինի այն, թե ինչ նոր ռեկորդ կգրանցի Հոլանդը։ Այսքանը․․․
Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Պորտուին»։ Պորտուգալական թիմը պարտություն չի կրել ԱԱ-ից հետո ընկած ժամանակահատվածում, թիմը շատ լավ մարզավիճակում է, առաջնությունում շարունակում է պայքարը չեմպիոնության համար ահեղ «Բենֆիկայի» հետ։ Կարճ ասած՝ թիմի գործերը բավականին լավ են ընթանում։
Բայց «Ինտերը» ևս ներկա պահին լավ մարզավիճակում է, առաջիկա հանդիպմանը մոտենում է գրեթե առանց կորուստների։ Չնայած, որ մրցակիցն «ամուր ընկույզի» համբավ ունի, ընդհանուր դիմակայության ֆավորիտ եմ համարում միլանցիներին։
Ինձագիի թիմն առաջին հանդիպումն անցկացնում է սեփական հարկի տակ, և շատ կարևոր կլինի հենց այս խաղում հասնել դրական արդյունքի և որոշակի պաշար ստանալ պատասխան խաղից առաջ, որովհետև Պորտուգալիայում «վիշապների» հետ հանդիպումն ավելի բարդ է լինելու։