Մինչ ամբողջ աշխարհն այս օրերին նշում է սիրահարների միջազգային՝ Սուրբ Վալենտինի տոնը, ֆուտբոլային աշխարհում մեկնարկում է իր տոնը․ Չեմպիոնների լիգան վերադառնում է։
Մեկնարկում է ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը։ Այս և հաջորդ շաբաթ կկայանան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ Փետրվարի 14-ին և 15-ին մենք ականատես կլինենք երկուական դիմակայության, որոնց էլ այս նյութում կանդրադառնանք։
⏳ Հանդիպումների ժամանակացույցը
13.02 ⏳ 00.00. «Միլան»- «Տոտենհեմ»
13.02 ⏳ 00.00. ՊՍԺ- «Բավարիա»
14.02 ⏳ 00.00. «Բրյուգե»- «Բենֆիկա»
14.02 ⏳ 00.00. «Բորուսիա»- «Չելսի»

🏆 Արծիվները կշարունակե՞ն ճախրել ՉԼ-ի երկնակամարում
Այսօր մեր նյութը կսկսենք չորեքշաբթի կայանալիք հանդիպումներից, իսկ ամենահետաքրքիրը կթողնենք վերջում։ Հատկանշական է, որ «Բրյուգե»-«Բենֆիկա» զույգը միակն է փլեյ-օֆֆում, որի ներկայացուցիչները թոփ-5 լիգաներից չեն։ «Բրյուգեն» դարձավ ՉԼ-ի խմբային փուլի ամենամեծ անակնկալի հեղինակը։ Բելգիական համեստ ակումբը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ մի խմբից, որում ընդգրկված էին «Պորտուն», «Բայերն» ու «Ատլետիկոն»։ Սակայն, զուգահեռաբար առաջնությունում թիմի գործերն այդքան էլ լավ չէին ընթանում և ակումբը ստիպված եղավ հեռացնել գլխավոր մարզչին։ Բացի այդ, չնայած խմբային փուլի հիանալի արդյունքներին, զուտ խաղային առումով «Բրյուգեն» չէր փայլում, այնպես չէր, որ թիմը խաղային առավելություն ուներ խաղադաշտում մրցակիցների նկատմամբ։ Այժմ թիմը 4-րդն է Բելգիայի առաջնությունում՝ բավականին հետ մնալով լավագույն եռյակից։ Այսինքն, հաջորդ մրցաշրջանում այս թիմին դժվար թե տեսնենք ՉԼ-ում։
«Բենֆիկան» ևս շատ հաջող հանդես եկավ խմբային փուլում։ Թիմն առաջին տեղը զբաղեցրեց ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հետ խմբում՝ վերջիններիս ուղարկելով Եվրոպա լիգա։ Բայց, ի տարբերություն «Բրյուգեի», «արծիվների» մոտ ամեն ինչ հիանալի է նաև ներքին առաջնությունում։ Թիմը վստահաբար գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ցուցադրելով կայուն ու արդյունավետ ֆուտբոլ։ Այս զույգում ֆավորիտը, կարծում եմ, ակնհայտ է։ Ամենայն հարգանքներս «Բրյուգեի» երկրպագուներին, բայց այս թիմը գրեթե ոչ մի հնարավորություն չունի հենց այս «Բենֆիկայի» արգելքը հաղթահարելու։ Թե՞ բելգիացները կփորձեն ևս մեկ անակնկալ մատուցել․․․ կտեսնենք արդեն այս չորեքշաբթի։

🏆 Մեղուները կխայթե՞ն առյուծներին
Եվս մեկ դիմակայություն, որտեղ հանդիպում են տարբեր մարզավիճակում-իրավիճակում գտնվող մրցակիցներ։ «Բորուսիան» այժմ ֆանտաստիկ մարզավիճակում է, իսկ «Չելսին»․․․ է՜հհհ, դուք էլ ամեն ինչ լավ գիտեք։ Բայց խոսքը միայն արդյունքների մասին չէ, այլ հենց զուտ խաղի։ «Մեղուները» հիանալի են այս պահին, ամբողջ թիմն է հիանալի, ոչ թե առանձին ֆուտբոլիստներ, Տերզիչը շատ լավ աշխատանք է կատարել հենց թիմային խաղի տեսանկյունից, բացի այդ, կարծես թե հանդերձարանում էլ է ամեն ինչ կարգին, թիմը էմոցիոնալ առումով էլ այժմ վերելք է ապրում։
Սակայն, եկեք ժամանակից շուտ «Չելսիին» տուն չուղարկենք։ Մի շարք ֆուտբոլիստներ վերադարձել են լազարեթից, այդ թվում Ռիս Ջեյմսը, և այժմ Գրեհեմն ունի ավելի լայն հնարավորություններ խաղային սխեմայի տեսանկյունից։ Թիմային խաղն այս «Չելսիի» ուժեղ կողմը չէ, և դա տրամաբանական է՝ հաշվի առնելով այդքան շատ նորեկների առկայությունը․ հիմնական կազմի մոտ կեսը նորեկներ են և կա խաղակցվածության պակաս։ Բայց մյուս կողմից, այդ նույն նորեկները կարող են փոխել խաղի ընթացքն իրենց բարձր խաղամակարդակի շնորհիվ։ Մեկ-երկու հնարավորությունը, արդյունավետ գործողությունը կարող է շատ մեծ դեր խաղալ այս դիմակայությունում։
Եթե ամփոփենք, ապա այս զույգում, ի տարբերություն նախորդ դուետի, չկա բացահայտ ֆավորիտ։ Մի փոքր այս պահի դրությամբ առավելությունը կտամ «մեղուներին»․․․ Բայց արդեն քանի անգամ մենք ականատես ենք եղել, որ «Չելսին», անհաջող մրցաշրջան անցկացնելով ԱՊԼ-ում, հաղթում է ՉԼ-ն։ Միգուցե այս անգամ, գոնե այս դիմակայությունում, Փոթերը վերջապես ինչ-որ բան կկախարդի՞․․․
«Փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է պատահել։ Կա երկու հանդիպում: Մենք կարող ենք հաղթել Դորտմունդի «Բորուսիային», բայց նրանք ևս ուժեղ թիմ են, որոնք կարող են հասնել ամեն ինչի։ Ակնհայտ է, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում բարձրակարգ մրցակցի հետ: Բայց մեր թիմում կան լավ խաղացողներ, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգայում։ Նրանք դուրս են գալու արդյունքի համար պայքարելու ցանկությամբ, դա որ հաստատ է»,- ահա այսպիսի կարծիք ունի Փոթերն այս դիմակայության վերաբերյալ։

🏆 Իտալացի մարզիչների դիմակայությունը
Երեքշաբթի նորաձևության երկու մայրաքաղաքներում՝ Միլանում ու Փարիզում, կկայանա երկու շատ հետաքրքրիր ֆուտբոլային դիմակայություն։ Միլանում տեղի համանուն թիմը կհյուրընկալի «Տոտենհեմին»։
«Միլանը» դժվար ժամանակներ է ապրում։ Չնայած վերջին խաղում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակին՝ միլանյան թիմը Պիոլիի գլխավորությամբ վատագույն շրջանն է անցկացնում արդյունքների տեսանկյունից։ Թիմը նաև ունի կադրային խնդիրներ։ Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Տոմորին և Բենասերը՝ երկու կարևորագույն ֆուտբոլիստներ Պիոլիի համար։ Բացի այս, չմոռանանք, որ հիմնական դարպասապահ Մենյանը ևս շարունակում է անհասանելի լինել Պիոլիի համար․ նա դեռ ապաքինվում է վնասվածքից։
«Տոտենհեմը», ի տարբերություն միլանցիների, համեմատաբար ավելի լավ մարզավիճակում է։ Համենայն դեպս վերջին խաղերում այդ տպավորությունն է։ Միգուցե, զուտ խաղային առումով, թիմը դեռ հեռու է իդեալական մարզավիճակից, բայց Կոնտեն վերջերս կարողանում է առավելագույն արդյունքների հասնել այս թիմի հետ։ Կոնտեի ևս մեկ առավելությունը մրցակցի մարտավարությունն է՝ բարձր պրեսինգը, բարձր պաշտպանությունը․․․ Պատկերացնո՞ւմ եք ինչ կանեն Սոնը, Քեյնը, Կուլուշևսկին հակագրոհների դեպքում․․․ Չեմ բացառում, որ այս խաղում մենք կտեսնենք երկու կամ ավելի գոլ հենց լոնդոնցիների հակագրոհների արդյունքում։ Բայց Կոնտեն ևս ունի կադրային խնդիրներ․ երեկ հայտնի դարձավ, որ վնասվածքի պատճառով մրցաշրջանի մնացած հատվածը բաց կթողնի կիսապաշտպան Բենտանկուրը։ Իսկ մինչ այդ վնասվածք էր ստացել նաև թիմի ավագ և հիմնական դարպասապահ Հուգո Լյորիսը։ Ստացվում է, որ միլանցիներն ու լոնդոնցիները խաղալու են առանց իրենց հիմնական դարպասապահների։
Այս խաղում գլխավոր ինտրիգը կլինի իտալացի մասնագետների ընտրած մարտավարությունը․ կանխատեսել այս զույգում բացահայտ ֆավորիտին շատ դժվար է։ Բայց, անկախ ամեն ինչից, այս դիմակայությունում երկու հանդիպումների հանրագումարով, մի փոքր առավելություն կտամ Կոնտեի թիմին։ Իսկ կոնկրետ առաջին խաղում, հնարավորությունները կգնահատեմ հավասար՝ հաշվի առնելով, որ միլանցիները խաղում են սեփական հարկի տակ։ Այսպես ասած՝ տան պատերն էլ են լրացուցիչ օգնություն։

🏆 Սուպերդիմակայություն Փարիզում
Եվս մեկ հանդիպում, որում ֆավորիտին ընտրելը շատ դժվար է։ ՉԼ-ի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի կրկնությունը։
ՊՍԺ-ն շարունակում է մնալ աստղաբույլ, որը սակայն, ինչպես «Չելսին», աչքի չի ընկնում վառ արտահայտված թիմային խաղով։ Այս թիմի դեմ գործադրելով բարձր պրեսինգ՝ կարելի է հաջողության հասնել, ինչը վերջերս գավաթային խաղում ցույց տվեց «Մարսելը», ինչպես նաև «Բենֆիկան»՝ դեռ խմբային փուլում։ Իսկ «Բավարիան» հենց այդպիսի մրցակից է, որը խաղում է թիմային, բարձր պրեսինգով։ Ու Նագելսմանի թիմը վերը նշված երկու թիմերի համեմատ դեռ ավելի կատարելագործված է այս առումով։
Ավելի վաղ Գալտյեն հայտնել էր, որ թիմի մի շարք առաջատարներ, այդ թվում Մբապեն, հնարավոր է բաց թողնեն այս հանդիպումը։ Բայց այսօր մի շարք միջազգային ԶԼՄ-ներ հայտնել են, որ Մբապեն, Մեսսին ու Վերատին պատրաստ են այս խաղին։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը, կիմանանք արդեն հանդիպման մեկնարկից առաջ։ Համենայն դեպս, նշվում է, որ ֆուտբոլիստները ներկա են եղել թիմի վերջին մարզմանը։ Նագելսմանի թիմում ևս կա կորուստ․ Մանեն դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր ԱԱ-ից առաջ։
Այս դեպքում ունենք երկու թիմ, որոնք ունեն իրենց խնդիրները թե խաղային, թե կադրային առումով։ Երկու թիմ՝ տարբեր խաղային փիլիսոփայությամբ։ Մի կողմից գերմանական մեքենան է՝ հստակ արտահայտված թիմային գերագրեսիվ խաղով, մյուս կողմից աստղաբույլ, որի կազմում Մբապեն և Մեսսին կարող են որոշել, որ այսօր իրենց բենեֆիսն է և միայնակ լուծեն թիմի առջև դրված խնդիրները։ Թերևս առաջին խաղում հստակ պատասխան չենք ստանա ֆավորիտի հարցում, և ամեն ինչ կորոշվի Մյունխենում կայանալիք պատասխան խաղում․․․