Շախմատի կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չի կարողանա մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը:
«Չնայած ես բավական մոտիվացված էի տարվա իմ ամենասիրելի մրցաշարին մասնակցելու համար, և ամեն ինչ պատրաստ էր՝ շնորհիվ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ցավոք այս տարի ստիպված կլինեմ այն բաց թողնել»,- գրել է Մարիան:
ArmSport-ի տեղեկություններով՝ Մարիան առաջնությանը չի կարողանա մասնակցել անձնական պատճառներից ելնելով:
Հիշեցնենք՝ Մարիան Հայաստանի 2023 թվականի չեմպիոնն է: Հունվարին անցկացված առաջնությունում նա կարիերայում 5-րդ անգամ արժանացավ այդ տիտղոսին՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր:
Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում:
Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: