«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Նիկիտա Պոլուխինը։
28-ամյա Պոլուխինը իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում։
Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը Նիկիտան սկաուտի գործառույթներ էր կատարում «Ուրարտուում», իսկ 2021-2022 թթ. գլխավորում էր «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին՝ վստահության համար: «Ալաշկերտը» հաղթական ավանդույթներով ուժեղ ակումբ է: Ամեն ինչ կանեմ թիմի նոր հաջողություններին նպաստելու համար: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է պատվով հաղթահարել:
Աշնանային հատվածից հետո թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, այդ իսկ պատճառով Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբի հետ միասին հիմնովի սելեկցիա ենք կատարում՝ բացերը լրացնելու և թիմն էլ ավելի ուժեղացնելու համար:
Կարող եմ ասել, որ սելեկցիոն աշխատանքները բավականին հաջող են ընթանում: «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են փորձառու, լավ ակումբներում և առաջնություններում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ:
Վստահ եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- Պոլուխինի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։