Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ ֆուտբոլային ոլորտում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կազմում է մոտ 300 միլիարդ դոլար։
Երեքշաբթի օրը Բալիում կայացել է «Մեծ Քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որում ելույթ է ունեցել նաև Ինֆանտինոն․
«Համաշխարհային ֆուտբոլի ՀՆԱ-ն գրեթե 300 միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում։ Եվ եթե ֆուտբոլասերների 90%-ը գտնվում է Եվրոպայից դուրս, ֆուտբոլի այս ՀՆԱ-ի 70%-ը արտադրվում է եվրոպական երկրներում։ Պատկերացրեք համաշխարհային տնտեսության ներուժը, եթե մնացած աշխարհը արտադրի Եվրոպայի արտադրածի առնվազն կեսը: Սա կավելացնի ֆուտբոլի ՀՆԱ-ն ևս 200-300 միլիարդ դոլար և 3-4 միլիոն աշխատատեղ կապահովի:
Սա, անշուշտ, կնպաստի եկամուտների ճեղքվածքը փակելուն և համաշխարհային բարգավաճման բարձրացմանը, ինչը ձեր, ինչպես նաև ՖԻՖԱ-ի առաջնահերթությունն է: Բայց, իհարկե, ֆուտբոլը, ինչպես բոլորդ գիտեք, շատ ավելին է, քան պարզապես տնտեսությունը: Ֆուտբոլը նաև շատ ավելին է, քան պարզապես սպորտ: Այն ունի հսկայական սոցիալական ազդեցություն: Բոլորդ գիտեք, թե ինչ է նշանակում ֆուտբոլը մարդկանց համար։ Դա կիրք է և նվիրվածություն: Դա հանդուրժողականություն է»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։