Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ Կատարը և ՖԻՖԱ-ն գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի երկրպագուները դրական էմոցիաներ ստանան 2022 թվականի Աշխարհի առաջնությունից։
Երեքշաբթի օրը Բալիում կայացել է «Մեծ Քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որում ելույթ է ունեցել նաև Ինֆանտինոն․
«Կատարի Աշխարհի առաջնությունը համաճարակից հետո առաջին խոշոր մրցաշարն է։ Առաջին անգամ այն կանցկացվի Մերձավոր Արևելքում։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Կատարն ու ՖԻՖԱ-ն ամեն ինչ պատրաստել են, որպեսզի բոլորը վայելեն այս մեծ տոնը։ Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Կատարը զգալի բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում՝ Աշխարհի առաջնության շնորհիվ։
Արդյունքում, օրինակ, հարյուր հազարավոր աշխատողներ ունեն ավելի լավ աշխատանքային պայմաններ, քան մի քանի տարի առաջ։ Երեք միլիոն երկրպագուներ կլցնեն մարզադաշտերը, իսկ աշխարհի բնակչության կեսից ավելին խաղերը դիտելու է հեռուստացույցով»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։