Աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է Կատարում և առաջին անգամ՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Հասկանալի է, որ ամռանը Կատարում այնքան շոգ է, որ ֆուտբոլիստների ինքնազգացողությունը կարող էր վատանալ հենց խաղադաշտում։ Ամռանն այնտեղ ջերմաստիճանը հասնում է 40-50-ի։ Այդ պատճառով էլ որոշում է կայացվել ընտրել մունդիալի անցկացման տարվա այս եղանակը։
Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։ Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։ Դեռ 2017 թվականին պարզ էր դարձել, որ Կատարը շաբաթական 500 միլիոն դոլար է ծախսելու մրցաշարի նախապատրաստության վրա։ Այս մասին հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ էլ-Էմադին։ Օրինակի համար նշենք, որ Ռուսաստանը 2018-ի Աշխարհի առաջնության անցկացման վրա ծախսել էր 18 անգամ ավելի քիչ գումար։ Իսկ մրցաշարի շնորհիվ վաստակել ավելի քան 850 միլիարդ ռուբլի։
70 հազար լույսեր կլուսավորեն առաջնության մարզադաշտերը։ Սա երեք անգամ ավելին է, քան Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը։
Կատարում Աշխարհի առաջնության մարզադաշտերի և այլ օբյեկտների կառուցման ժամանակ 84 տոննա պողպատ է օգտագործվել։ Համեմատության համար նշենք, որ «Բուրջ Խալիֆա» երկնաքերի կառուցման համար պահանջվել է երկու անգամ ավելի քիչ:
Հարկ է նշել, որ Կատարի մարզադաշտերում կտեղադրվեն օդը սառեցնող համակարգեր, որոնք կապահովեն +20 ջերմաստիճան խաղերը հարմարավետ պայմաններում անցկացնելու համար։
Ի հակադրություն այս շքեղության՝ այս մունդիալն անվանում են «Արյունոտ Աշխարհի առաջնություն» կամ «Ամոթի Աշխարհի առաջնություն»։ Ինչո՞ւ։ Տարիներ շարունակ Կատարի իշխանությունները քննադատությունների են ենթարկվում աշխատողների իրավունքները ոտնահարելու համար։
Ինչպես Պարսից ծոցի երկրների գրեթե բոլոր շինությունների, այնպես էլ առաջնության համար նախատեսված օբյեկտների ստեղծման աշխատանքներով զբաղվել են ասիական երկրներից՝ Հնդկաստանից, Նեպալից, Բանգլադեշից, Պակիստանից եկած միգրանտները: Դեռևս 2013 թվականին համաշխարհային լրատվամիջոցները գրում էին, որ Կատարում աշխատողներին բռնի ուժով են պահում՝ խլելով նրանց անձնագրերը, պաշտոնական աշխատանքի թույլտվություն չտալով, աշխատավարձ չվճարելով։ Միգրանտներն ապրում են հակասանիտարական պայմաններում. չկան օդորակիչներ, օդափոխիչներ, ջուրը բավականաչափ որակյալ չէ, իսկ զուգարանի փոխարեն՝ անցք է բացված հատակին։ Անհանգստության առաջին ալիքներից հետո պայմանները մի փոքր բարելավվեցին։ Բայց 2019-ին լրագրողներն ասացին, որ աշխատավարձերը դեռ չնչին են՝ միգրանտներին աշխատանքային մեկ ժամի համար վճարվում է 1 ֆունտ ստեռլինգ։ 2021 թվականին The Guardian-ի հետաքննող լրագրողները պարզել են, որ 2010 թվականից ի վեր Կատարում կայանալիք ԱԱ-ի շրջանակներում ընթացող շինարարության վրա աշխատող 6500 մարդ է մահացել։
Բացի սրանից, հաճախ էր արծարծվում այն կարծիքը, որ Կատարը թափանցիկ ընտրությամբ չի ստացել մունդիալն ընդունող երկրի կարգավիճակը, այլ գնել է ՖԻՖԱ-ի չինովնիկներին։ Սակայն կազմակերպությունից հայտնել էին, որ Կատարն ընտրվել է՝ աշխարհի բոլոր մասերում ֆուտբոլը զարգացնելու ռազմավարությունից ելնելով։
Երկրպագուների համար այստեղ ևս պայմանները մի փոքր անսովոր կլինեն․ Կատարը ավանդական մուսուլմանական հասարակություն է, որտեղ համեստ հագուստը չափանիշ է: Ավելի ազատ ոճը թույլատրվում է հինգ աստղանի հյուրանոցներում, սակայն ուրիշ հասարակական վայրերում, ներառյալ առևտրի կենտրոնները, կանայք և տղամարդիկ պետք է ուսերից մինչև ծնկները ծածկեն իրենց մարմինները: Հրապարակային սիրո դրսևորումը ցանկալի չէ, և երկրպագուներին խորհուրդ է տրվում իրար ձեռք չբռնել:
Զբոսաշրջիկները կարող են ալկոհոլ օգտագործել միայն հատուկ նշանակված ֆան-գոտիներում կամ մարզադաշտերի VIP-օթյակներում։
Ըստ բուքմեյքերների՝ ԱԱ-2022-ի հաղթողի ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է։ Եթե ոչ նրանք, ապա Ֆրանսիան։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ով կդառնա աշխարհի 22-րդ չեմպիոնը։
Մրցաշարը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։