Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել Պերուի, Չիլիի, Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիաների, պաշտպան Բայրոն Կաստիլյոյի և ՖԻՖԱ-ի միջև արբիտրաժային ընթացակարգի վերաբերյալ, հայտնում է Матч ТВ-ն։
CAS-ի խորհուրդը մասնակի բավարարել է Պերուի և Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիաների բողոքները և չեղարկել ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեի սեպտեմբերի 15-ի որոշումը։
CAS-ը որոշում է կայացրել Էկվադորի հավաքականին զրկել երեք միավորից 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում և տուգանել 100,000 շվեյցարական ֆրանկ՝ Կաստիլյոյի մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ օգտագործելու համար։ Միաժամանակ, թիմը չի հեռացվի Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության մասնակիցների թվից։
Սեպտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մերժել էր Էկվադորին 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հեռացնելու դիմումը: Չիլիի ֆուտբոլի ասոցիացիան և Պերուի ֆուտբոլի ասոցիացիան բողոքարկել էին ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշումը: Չիլիացիներն ու պերուացիները համոզված էին, որ Էկվադորի հավաքականի 23-ամյա խաղացողը ծնվել է ոչ թե Էկվադորում, այլ հարևան Կոլումբիայում։
Նոյեմբերի 20-ին Էկվադորը կանցկացնի Աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումը Կատարի հետ: A խմբում կլինեն նաև Սենեգալի և Նիդերլանդների հավաքականները։