Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կցանկանար, որ «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկն ընդգրկվեր ԱԱ 2022-ի՝ Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակում։
«Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոսան չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում, ինչն էլ առաջացրել է երկրպագուների դժգոհությունը։
«Եթե ես ընտրեի մի քանիներից մեկին, ապա իմ ընտրությունը կանգ կառներ Էնդրիկի վրա: Նրա համար դա սենսացիոն փորձություն կլիներ։ Նա Բրազիլիայի հավաքականի ապագան է։
Մարդիկ դժգոհում են Գաբիգոլի (Գաբրիել Բարբոսայի) բացակայությունից, բայց եթե ինձ հարցնեն, թե էլ ով է արժանիԲրազիլիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուն, ապա իմ պատասխանը կլինի Էնդրիկը։ Նա խոստումնալից ապագա ունեցող տղա է և արդեն խաղում է պրոֆեսիոնալների հետ։ Դա անհավանական փորձ կլիներ»,- ասել է Ռոնալդոն Ronaldo TV-ին տված հարցազրույցում։
Ռոնալդուն 17 տարեկանում հաղթել է 1994 թվականի աշխարհի առաջնությունում։
Այս մրցաշրջանում Էնդրիկն անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Էնդրիկը համարվում է Բրազիլիայի առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին գնել 2024 թվականին՝ 60 միլիոն եվրոյով։