«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վստահեցրել է, որ մյունխենյան ակումբի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերըկմասնակցի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Նոյերը, ով ուսի վնասվածք էր ստացել, վերջին անգամ «Բավարիայում» խաղացել է հոկտեմբերի 8-ին։ Նագելսմանի կարծիքով՝ 36-ամյա դարպասապահը կարող է մասնակցել նոյեմբերի 5-ին «Հերտայի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպմանը։
«Բոլորը կարող են հանգիստ քնել։ Վերջին շաբաթվա ընթացքում առաջընթաց է նկատվել, նա արդեն անցկացրել է դարպասապահների հատուկ մարզում։ Միգուցե նա այս շաբաթավերջին խաղադաշտ կվերադառնա «Հերտայի» հետ խաղում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Blick-ը։
Աշխարհի չեմպիոն Նոյերը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում, բաց է թողել 11 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։
Գերմանիայի հավաքականը Քաթարի մրցաշարում նույն խմբում կխաղա Իսպանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։