Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը.
«Եվրոպայի առաջնությունում մեկ բրոնզե մեդալ ունեցանք՝ Արսեն Հարությունյանը, և ունեցանք 3 մարզիկ, ովքեր պայքարեցին բրոնզի համար: 2-ը վերջին վայրկյաններին պարտվեցին, ցավալի պարտություն կրեցին: Մյուսները հանդես եկան իրենց ուժերի չափով: Մեկի դեպքում փորձն էր պակասում, մյուսի դեպքում ֆիզիկական պատրաստվածությունը: Հոգեբանական առումով ամեն ինչ կարգին է: Ունենք առաջիկայում հավաքներ, որոնց ընթացքում կփորձենք շտկել խնդիրները: ԵԱ-ի արդյունքներից այդուհանդերձ գոհ եմ»,- ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչ Էդգար Ենոքյանի խոսքով, տղաների մրցելույթների արդյունքում իրենք հասկացան, որ ոչ մեկից թույլ չեն.
«10 մարզիկով էինք մեկնել, 10-ն էլ լավ մասնակցեցին: Շատ մեդալներ կարող էին լինել: Հուսով եմ՝ մյուս մրցաշարերում կուրախացնեն արդեն մեդալների տեսքով»:

Արսեն Հարությունյանը նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն է, սակայն այս տարի բավարարվեց ԵԱ-ի բրոնզե մեդալով: Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով, սակայն, երիտասարդ ըմբիշի մոտ այս մեկ տարվա ընթացքում դրական մեծ փոփոխություններ են նկատելի.
«Նրա մոտ շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել՝ դրական: Գուցե մեդալի տեսքով ճիշտ չհնչի, քանի որ նախորդ տարվա ոսկին փոխարինվեց բրոնզով: Այս տարի նաև Թախթիի մրցաշարին մասնակցեց, որտեղ երկրորդ տեղն էր գրավել, ու բոլոր գոտեմարտերում միավոր էր տրվել միայն այն գոտեմարտում, որում պարտվել էր: Իրանի միջազգային մրցաշարում 4 գոտեմարտից միայն մեկում է պարտվել՝ 2 միավորանոց հնարքի պատճառով: Այսինքն առաջադիմել է այն առումով, որ սկսել է միավորներ չտալ մրցակիցներին»,- ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը նշեց նաև, որ Արսեն Հարությունյանն առաջիկա վարկանիշային մրցաշարում պայքարելու է 52 կգ՝ Օլիմպիական քաշում.
«Նա քաշի խնդիր չունի: Մնացած քաշերի առումով իհարկե կողմնորոշվել ենք, թե ովքեր կմասնակցեն վարկանիշային մրցաշարերին, բայց այդ մասին կհայտարարենք ավելի ուշ:
Առաջիկայում հավաք կանցկացնենք Վլադիկավկազում, իսկ վերջին հավաքը կանցկացնենք Երևանում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Էդգար Ենոքյանի խոսքով, հիմնական աշխատանքը պետք է տանեն տակտիկայի առումով ու նաև պետք է շտկել այն, որ մեր տղաները հիմնականում վերջին վայրկյաններին են պարտվում.
«Սկզբում հաղթում են, սակայն վերջին վայրկյաններին պարտվում: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Հոգեբանական, ֆիզիակական ու տակտիկական խնդիր է, որոնց վրա պետք է աշխատենք»:
Հիշեցնենք՝ Հռոմում ավարտված ըմբշամարտի ԵԱ-ում ազատ ոճի Հայաստանի հավաքականը մեկ բրոնզե մեդալ նվաճեց՝ Արսեն Հարությունյանի շնորհիվ: