ՄՅՈւ-ի նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որն այժմ հանդես է գալիս «Ռոմայում» խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինի մասին.
Նախորդ մրցաշրջանի վերջում Քինը քննադատել էր Մատիչին այն բանի համար, որ կիսապաշտպանը, հեռանալով ակումբից, ասել է՝ թե՛ «Չելսին», որի կազմում նա հանդես է եկել 2014-ից 2017 թվականներին, և թե՛ «Մանչեսթեր Յունայթեդը», կմնան իր սրտում։
«Ես հարգում եմ Քինին այն ամենի համար, ինչ նա արել է, բայց ժամանակն է, որ նա հասկանա՝ ֆուտբոլը փոխվել է։ Եթե ես խաղացել եմ «Չելսիում», ապա չեմ կարող ասել, որ ատում եմ այս ակումբը։ Ես չեմ կարող զայրանալ, երբ հանդիպումից հետո զրուցում եմ լրագրողների հետ։
Ինչպես էր նա իրեն պահում խաղադաշտում… այսօր 70% դեպքերում կարմիր կլիներ։ Դուք չեք կարող հարվածել, երբ աշխարհի բոլոր տեսախցիկները ձեր վրա են: Բայց Քինն ինձ հետ միշտ շատ բարի է եղել, ուստի նրա հրապարակային հայտարարություններն ինձ չեն անհանգստացնում:
Ես գիտեմ, թե ինչի եմ հասել իմ կարիերայում և շատ երջանիկ եմ»,- Մատիչի խոսքն է մեջբերել The Times-ը։