Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Բազելի» դեմ խաղից առաջ տեղի է ունեցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը․
«Վաղը կարևոր խաղ ունենք։ Բարդ, լուրջ հակառակորդ է։ Դաշտում պիտի շատ աշխատենք, որ հաջողության հասնենք։ Մեզ համար դա շատ բարդ կլինի։ Ես համարում եմ, որ «Բազելը» մեր խմբի առաջատարն է, այն մյուս թիմերի համար էլ խնդիրներ կստեղծի։ Վերլուծել ենք նրանց, ունենք խաղային պլան, հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Պետք է շատ կարգապահ լինենք դաշտում։ Միայն թիմային խաղով կարող ենք առավելություն ունենալ, որովհետև մրցակիցը անհատական շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի։ Թեորապես պաշտպանությունում հակախաղ ենք գտել նրանց։
Մեր թիմը հոգեբանորեն լավ վիճակում է, լուրջ վնասվածքներ չունենք, ունենք օպտիմալ կազմ։ Նոր եկած ֆուտբոլիստներից ոչ բոլորն են լավ մարզավիճակում, վաղվա խաղին լիարժեք պատրաստ չեն լինի։
Մենք վաղը ցույց կտանք մեր առավելագույնը։
Մեր բոլոր մրցակիցներից «Բազելն» ամենաարագն է։ Հարձակման գծում կարող ենք խնդիրներ ունենալ։ Բայց բոլոր թիմերն էլ խնդիրներ ունեն։ Առաջնությունում նրանք 8 գոլ են խփել և 7-ը բաց թողել։
Այս խմբում սահմանափակում կա, պիտի 14 լեգիոներ մասնակցեր այս փուլին։ Ոմանք մրցակցության մեջ զիջեցին մյուս լեգիոներներին, Գայիչը, օրինակ, վնասվածք ունի․․․Այն տղաները, որոնք այստեղ չեն, չի նշանակում, որ մենք նրանց չենք հավատում, մենք երկու հարց ունենք լուծելու՝ Եվրոպան և առաջնությունը, որտեղ ուզում ենք չեմպիոն դառնալ։ Այստեղ ուժեղի և թույլի խնդիր չէ։ Եթե մենք որևէ ֆուտբոլիստի չենք հավատում, նա մեր թիմում չի մնում։ Քանի որ այս հայտացուցակը 3 ամսվա համար է, կան ֆուտբոլիստներ, որոնք հիմա լավ մարզավիճակում չեն, բայց մեկ ամսից ձեռք կբերեն այն։
Մենք նախորդ խաղերում զիջեցինք միայն «Ցրվենա Զվեզդային», իսկ վերջին խաղում 11-մետրանոցներով պարտվելն անհաջողություն էր։ Դրա համար իմ սիրտը հանգիստ է, որ ունենք լավ թիմ, որը ձգտում է հաջողության, ունենք թիմային ոգի, ճիշտ աշխատանքի ուղղություն․․․
Խմբային փուլը համարում եմ, որ մեր ուժերից վեր չէ, կարող ենք պայքարել, ժամանակը ցույց կտա՝ որքանով ստացվեց, բայց մենք պատրաստ ենք ամեն ինչ անել խմբից դուրս գալու համար, շատ դժվար կլինի, բայց սա այն խումբը չէ, որ անհնար լինի»։