Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ որակավորման փուլի «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» (0-0) խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետևյալը.
«Ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք, որ խաղում է պաշտպանությունից, փորձում արագ հակագրոհներով արդյունքի հասնել։ Կարծում եմ՝ առաջին տասը րոպեում ինքնավստահության պակաս կար, ինչի արդյունքում սխալվեցինք, բայց հետո մտանք խաղի մեջ։
Մեր առաջադրանքն էր՝ մտքում պահել երկրորդ խաղն ու կարգապահություն դրսևորել։ Այսօր ինչ հաշիվ էլ գրանցվեր դիմակայության ելքը վճռվելու էր Էստոնիայում։ Շանսերը գնահատում եմ 50-50:
Պատճառաբանություններ չեմ սիրում, բայց քամին այսօր խանգարեց, թույլ չտվեց օգտագործել մեր մշակած կոմբինացիաները։
Արտյոմ Ավանեսյանն արեց այն, ինչ իրենից պահանջվում էր։ Լիման հետո լավ մտավ խաղի մեջ։ Այս պահի դրությամբ մեր թիմում 23 հավասարազոր խաղացող կա, ոչ մեկին տեղ չեմ երաշխավորել մեկնարկային կազմում։
Քանի որ Անգուլոն մեր մյուս հենակետայիններից մի փոքր դանդաղ է, այսօր հույս դրեցինք ավելի արագ տղաների վրա։
Կարծում եմ՝ մի փոքր ժամանակ կպահանջվի, որ կարողանանք խաղացողների միջև համագործակցությունը բարելավել։ Պետք է կարողանանք թեկուզ սակավաթիվ պահերը գոլի վերածել»։