Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) աջակցությամբ դիմել է Եվրոպական Արդարադատության դատարան՝ խնդրելով արգելել ակումբներին միանալ ՈՒԵՖԱ-ի կողմից չվերահսկվող կառույցներին։ Այդ մասին գրում է Коммерсантъ-ը։
Այս շաբաթ Եվրոպական դատարանը կսկսի համաշխարհային սպորտի պատմության մեջ կարևորագույն գործերից մեկի քննությունը։ Փաստացի, խոսքը գնալու է ակումբների՝ համապատասխան ֆեդերացիաների հովանավորությունից դուրս գալու իրավունքի մասին։ Գործը բացվել է ՈՒԵՖԱ-ի հայցի պահանջով՝ ՖԻՖԱ-ի աջակցությամբ։ Ֆուտբոլային երկու ամենաազդեցիկ կառույցները փորձում են հասնել ակումբների կողմից նոր մրցաշարի ստեղծման արգելքին, որոնք չեն վերահսկվում ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Գրանդ ակումբների կորուստը կնշանակի, որ համաշխարհային ֆուտբոլում նոր դարաշրջան է սկսվում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի գարնանը անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը», իսպանական «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», իտալական «Ինտերը» և «Միլանը», «Յուվենտուսը»՝ եվրոպական 12 թոփ ակումբներ հայտարարեցին ՈւԵՖԱ-ի կողմից չվերահսկվող մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին: Ճիշտ է, մեկ օր անց այն դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց։
Անգլիական բոլոր ակումբները չկարողացան դիմակայել երկրպագուների ճնշմանը և լքեցին նախագիծը, ինչն էլ պատճառ դարձավ դրա փլուզմանը։ Անգլիացիներին հետևեցին նաև «Ատլետիկոն», «Ինտերը» և «Միլանը»: Բոլոր ակումբները, որոնք հրաժարվեցին նախագծից, ի վերջո ստիպված եղան ոչ շահավետ հաշտություն կնքել ՈՒԵՖԱ-ի հետ: Այն նախատեսում էր ակումբների կողմից 15 միլիոն եվրոյի միանվագ վճարում՝ որպես «բարի կամքի դրսևորում»։ ՈւԵՖԱ-ն նրանց զգուշացրել է նաև նման իրավիճակի կրկնվելու դեպքում տուգանքի սպառնալիքի մասին։ Եթե ակումբները չկատարեն իրենց ստանձնած պարտավորություններից որևէ մեկը, ապա այն կկազմի 50 միլիոն եվրո, եթե նորից փորձեն «պառակտման» նախագիծ նախաձեռնել՝ 100 միլիոն եվրո։
Սակայն ոչ բոլոր ակումբներն են ենթարկվել ՈՒԵՖԱ-ի ճնշմանը։ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դիմել են իսպանական դատարան՝ իրենց շահերը պաշտպանելու համար։ Դատարանը որոշեց, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող պատժամիջոցներ կիրառել ակումբների նկատմամբ: Ավելի ուշ, սակայն, այս արգելքը հանվեց, ինչը թույլ տվեց ֆուտբոլի ղեկավար կառույցներին շարունակել դատավարությունը՝ այն տեղափոխելով նոր հարթություն։ Հիմնական հարցը, որին պետք է պատասխանի դատարանը, այն է, թե արդյո՞ք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերը (որոնք թույլ են տալիս արգելափակել Սուպերլիգայի նման նախաձեռնությունները) համահունչ են ԵՄ հակամենաշնորհային կանոնակարգերին:
Նշենք, որ եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ արդեն եղել է դեպք, երբ ներքին կանոնների օրինականության հարցը դրվել է Եվրոպական դատարանի քննարկմանը։ Խոսքը Ժան-Մարկ Բոսմանի հայտնի դեպքի մասին է։ Ի պատասխան նրա հայցին դատարանի կայացրած որոշումը 1995 թվականից վերացրեց ակումբներում լեգիոներների թվի սահմանափակումը (խոսքը ԵՄ անձնագիր ունեցողների մասին է) և թիմերին ազատեց նախկին ակումբներին փոխհատուցում վճարելուց, որոնց հետ նրանց պայմանագրերը ավարտվել էին:
Եթե Եվրոպական դատարանը ներկա գործով որոշում կայացնի ընդդեմ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի, սա կլինի հերթական հեղափոխությունը համաշխարհային ֆուտբոլում։