US Open 2021-ի չեմպիոն Էմմա Ռադուկանուն վստահորեն դուրս եկավ 2022 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։
Մեկնարկային խաղում աշխարհի 11-րդ ռակետը երկու սեթում հաղթեց բելգիացի թենիսիստուհի Էլիսոն Վան Ույթվանկին, որը զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը։
1 ժամ 42 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։4, 6։4 հաշվով՝ հօգուտ 19-ամյա բրիտանացու։
Ուիմբլդոնում Ռադուկանուի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսուհի Կարոլին Գարսիան, ով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Յուրիկո Միյաձակիին։
Գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերը հաղթահարել է Ուիմբլդոնի առաջին շրջանի արգելքը։ Մրցաշարի մեկնարկում աշխարհի 19-րդ ռակետը հաղթեց ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 120-րդ տեղը։ Հանդիպումը տևեց մեկ ժամից քիչ ավել ու ավարտվեց 6:0, 7:5 հաշվով։ Հաջորդ տուրում Կերբերի մրցակիցը կլինի լեհ Մագդա Լինետը, ով հաղթել է մեքսիկուհի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին (6:1, 6:4):
Թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը ևս հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում։ Առաջին շրջանի խաղում աշխարհի երկրորդ ռակետ Ժաբերը հանդիպեց Շվեդիայի ներկայացուցիչ Միրջամ Բյորկլունդին, ով WTA-ի վարկանիշային աղյուսակի 125-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 55 րոպե և ավարտվեց Ժաբերի հաղթանակով երկու սեթում՝ 6:1, 6:3:
Էստոնացի թենիսիստուհի Անետ Կոնտավեյթը դուրս է եկել Ուիմբլդոնի երկրորդ շրջան։ Մրցաշարի մեկնարկում աշխարհի երրորդ ռակետը 1 ժամ 22 րոպեում 7։5, 6։1 հաշվով հաղթեց ամերիկացի Բերնարդա Պերուին։ Երկրորդ տուրում Կոնտավեյտը կխաղա գերմանացի Ժյուլ Նիմեյերի հետ։