«Չելսիի» ձեռքբերմամբ հետաքրքրված է մոտ 200 մարդ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, հետաքրքրված անձինք մինչև մարտի 18-ը պետք է հաշվետվություն ներկայացնեն բոլոր ներդրողների վերաբերյալ։ Նրանք, ովքեր մինչև մարտի 18-ը ցանկություն կհայտնեն առաջարկ անել ակումբը ձեռք բերելու համար, պետք է բացատրեն իրենց շարժառիթը և ներկայացնեն ակումբի հետագա զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։
«Չելսիից» պոտենցիալ գնորդներին հայտնել են, որ կարևոր նշանակություն կունենա կանխիկով արված առաջարկն ու ամենաբարձր արժեքը վճարելու հնարավորությունը։ Նշվում է նաև, որ գնորդի ընտրությունը կատարելիս կարևոր նախապայման կլինի նրա՝ «Չելսիի» աշխատակիցների աշխատատեղերը պահելու ունակությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Աբրամովիչը ակումբի ղեկավարումը փոխանցել է «Չելսիի» բարեգործական ֆոնդին։ Մարտի 2-ին նա հայտարարեց, որ մտադիր է վաճառել ակումբը։ Ռուս բիզնեսմենը ցանկանում է 4 մլրդ ֆունտ ստանալ ակումբի վաճառքից։ Մարտի 10-ին Աբրամովիչի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։ Արգելափակվեցին ռուս բիզնեսմենի հաշիվները, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբը։