«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը:
Կատալոնական ակումբի գլխավոր նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Եթե «Բարսելոնային» չհաջողվի ավարտին հասցնել նորվեգացու տրանսֆերը, այդ դեպքում «Բարսելոնան» արդեն երեք այլ տարբերակ է մշակել, հայտնում է Sky Sports-ը։
Որպես երկրորդ տարբերակ կատալոնական ակումբը դիտարկում է «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «կարմիրների» հետ։
Մյուս տարբերակը Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերն է Մյունխենի «Բավարիայից», ում ապագան մյունխենյան ակումբում կասկածի տակ է, քանի որ լեհ ֆուտբոլիստի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել:
Եվ վերջին տարբերակը «Չելսիից» Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն է, ով ակումբում տիրող իրավիճակի հետ կապված կարող է հեռանալ Լոնդոնից: