«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բայերին» հաղթելուց հետո (3:2) գովել է Ռուսլան Մալինովսկուն ու Ալեքսեյ Միրանչուկին։
«Մալինովսկին և նրա ընտանիքը շատ դժվար ժամանակներ են ապրում։ Ես և իմ թիմը շատ ժամանակ ենք տրամադրում նորություններին: Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ցնցեց մեզ բոլորիս, գուցե նույնիսկ ավելի շատ, քան կորոնավիրուսը։
Միրանչուկն ու Մալինովսկին անհավանական ընկերություն են անում։ Մարդիկ ավելի կարևոր են, քան դրոշներն ու սահմանները։ Միրանչուկը լավ տղա է, ով նույնպես հարգանքի է արժանի»,- մեջբերում է Գասպերինիին Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Ատալանտայի» երկրպագուները պաստառ են պատրաստել՝ նվիրված Ալեքսեյ Միրանչուկի և Ռուսլան Մալինովսկու ջերմ հարաբերություններին։ Առաջին անգամ պաստառը նկատել են չորեքշաբթի օրը ակումբի մարզաբազայում։ Հինգշաբթի այն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ հայտնվել է տրիբունաներում։