Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
«Ինչպես բոլորը, ովքեր սիրում են ֆուտբոլ, ես դիտել եմ «Ռեալ»-«ՊՍԺ» խաղը: Այս կամային հաղթանակը հիացմունքի է արժանի: «Սերուցքայինները» կրկին հիշեցրել են Մադրիդի դիրքը Եվրոպայում»,- մեջբերում է Սիմեոնեին Bernabeudigital-ը։
«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ ՊՍԺ-ի դեմ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Արքայական ակումբը» 3-1 հաշվով առավելության հասավ։ 39-րդ րոպեին փարիզյան ակումբին առաջ մղեց Կիլիան Մբապեն։
Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ մադրիդցիների առաջատար Կարիմ Բենզեման՝ «Ռեալին» դուրս բերելով հաջորդ փուլ։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1-0 հաշվով։