Իտալական «Միլանը», թիմի նախկին հարձակվող ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյի հետ համատեղ, պատրաստել է մարզաշապիկ, որի վաճառքից ստացված գումարը կուղղվի Կարմիր Խաչին, որն էլ իր հերթին միջոցներ կուղարկի Ուկրաինայում կարիքավորներին օգնելու համար, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ռոսսոներիների ամբողջ ընտանիքը մոբիլիզացվում է ուկրաինացի ժողովրդին աջակցելու համար։
Անդրեյ Շևչենկոյի աջակցությամբ ակումբը թողարկել է մարզաշապիկի նոր օրինակ՝ Հատուկ թողարկում, ոգեշնչված այն մարզաշապիկից, որը կրել է 2004 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր Շևչենկոն՝ Մանչեսթերում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչիում։
Մարզաշապիկը զարդարված է լինելու Ուկրաինայի դրոշի գույներով ուսերին և կրծքին, որտեղ կտպագրվի նաև «Միլանը խաղաղության կողմնակիցն» է արտահայտությունը։ Հատուկ շապիկի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Իտալիայի Կարմիր Խաչին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ: