Ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվեցին «Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի» և ՀՀ դահուկավազքի մեծահասակների առաջնության արագավազքի մեկնարկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Նա նաև տեսանյութ է հրապարակել Աշոցքից.
Հիշեցնենք՝ Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով:
Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Թադևոս Պողոսյանն Աշոցքից: Արծաթե մեդալակիր է դարձել Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը:
Կանանց պայքարում էլ ոսկե մեդալը նվաճել է Պեկինի 2022 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Անգելինա Մուրադյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ռաշոյանը:
Մրցաշարին մոտ 40 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: