«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն զղջման խոսքերով դիմել է «Ինտերի» երկրպագուներին։ Բելգիացին 2021-ի ամռանն էր միլանյան ակումբից տեղափոխվել Լոնդոն։
«Այսպես չպետք է լիներ։ Այն, թե ես ինչպես լքեցի «Ինտերը», ինչպես շփվեցի երկրպագուների հետ, դրանք ինձ նյարդայնացնում են, որովհետև, գուցե, հիմա հարմար պահը չէ դա ասելու համար, այն ժամանակ ևս այդպես էր թվում։
Հիմա, կարծում եմ, կարելի է խոսել։ Ասել եմ, որ «Ինտերը» միշտ իմ սրտում կլինի, ու անկեղծորեն հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ։ Ես սիրահարված եմ Իտալիային, եկել է ժամանակը մարդկանց ասելու, թե իրականում ինչ էր կատարվել, և դրանով հանդերձ ոչ մեկի չեմ սևացնի, որովհետև դա իմ ոճը չէ։
Ուզում եմ ներողություն խնդրել «Ինտերի» երկրպագուներից, որովհետև կարծում եմ, որ իմ հեռանալու հետ կապված ամեն ինչ պիտի այլ լիներ։ Նախ, պիտի ձեզ հետ խոսեի, որովհետև այն, ինչ դուք արել եք ինձ, իմ ընտանիքի, իմ մոր, իմ որդու համար ողջ կյանքումս կմնա ինձ հետ։
Ես իսկապես ողջ սրտով հույս ունեմ վերադառնալ «Ինտեր» և ոչ կարիերայիս ավարտին, այլ այն ժամանակ, երբ դեռ այն մակարդակիս եմ, որ կարող եմ տիտղոսներ նվաճել»,- ասել է բելգիացին։