VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության առաջին կեսից հետո Երևանի «Նոան» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատ-Արմենիայից» վարձակալական հիմունքներով «Նոա» տեղափոխվեց կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, որը հետագայում դարձավ ակումբի կիսապաշտպանության «հենասյուներից» մեկը։ ArmSport-ը ֆուտբոլիստի հետ ամփոփել է մրցաշրջանի առաջին կեսը․
-Սարգիս, քո տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», սակայն, մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվեցիր «Նոա»։ Ո՞րն էր նման որոշման պատճառը։
-Որոշումն իմ կողմից չի կայացվել։ «Արարատ-Արմենիայի» նորանշանակ մարզիչն ինձ հայտնեց, որ իմ դիրքում նոր ֆուտբոլիստներ են ձեռք բերելու, և ես այնքան էլ շատ խաղաժամանակ չեմ ստանալու։ Նա նաև ասաց, որ կարող եմ այդ պայմանով մնալ, իսկ եթե պայմանն ինձ դուր չի գալիս, ապա ճիշտ կլինի՝ վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվեմ։ Այդպես էլ կայացավ տեղափոխությունս, ինչի համար շատ ուրախ եմ։
-Մրցաշրջանի մեկնարկում «Նոայի» գործերն այնքան էլ հաջող չէին դասավորվում, սակայն երկրորդ հատվածում բարելավվեցին թե՛ ցուցադրած խաղը, թե՛ արդյունքները։ Ինչի՞ շնորհիվ կարողացաք դուրս գալ դժվարին իրավիճակից։
-Նոր մարզիչ էր գլխավորել ակումբը, կային շատ նորեկներ։ Թիմից հեռացած ֆուտբոլիստներն էլ քիչ չէին, և ժամանակ էր հարկավոր՝ միմյանց խաղը հասկանալու համար։ Ադապտացիոն շրջանն անցնելուց հետո արդյունքներն էլ իրենց սպասեցնել չտվին։
-Մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել ես 16 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպե՞ս կգնահատես անձամբ քո ելույթները։
-Առաջին կեսում բաց եմ թողել միայն «Արարատ-Արմենիայի» դեմ երկու հանդիպումները, քանի որ պայմանագրում կար կետ, ըստ որի չէի կարող հանդես գալ այդ խաղերում։ Ելույթներս ընդհանուր առմամբ կգնահատեմ բավարար։ Իմ հնարավորությունները լավ իմանալով՝ կարող եմ ասել, որ ցույց եմ տվել հնարավորություններիս 70-80%-ը։ Ձմռան դադարը կփորձեմ «ծառայեցնել»՝ լավագույն մարզավիճակիս հասնելու համար։
-Մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու՞ ես «Արարատ-Արմենիա», թե՞ կշարունակես ելույթներդ «Նոայում»։
-Մրցաշրջանի ավարտից հետո «Արարատ-Արմենիայի» հետ լրանում է գործող պայմանագրիս ժամկետը, ինչպես նաև վարձակալությանս ժամկետը։ «Նոայի» հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, եթե վարձակալության ժամկետը լրանալուց հետո ինձ նոր պայմանագիր առաջարկեն, չեմ կարող հրաժարվել։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։
-Սարգիս, վերջում կխնդրեմ՝ պատասխանես մի քանի բլից հարցերի։ Ո՞վ է եղել մանկությանդ ֆուտբոլային կուռքը։
-Ֆուտբոլային կուռք երբեք չեմ ունեցել, բայց ժամանակին շատ եմ հետևել Զինեդին Զիդանի խաղին, իսկ այժմ՝ Լուկա Մոդրիչի։
-Ո՞րն է մանկությանդ ամենասիրելի ֆուտբոլային ակումբը։
-Ռեալ Մադրիդ։
-Ի՞նչ մասնագիտություն կընտրեիր, եթե ֆուտբոլիստ չդառնայիր։
-Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ, քանի որ 9 ամսականից քայլել եմ՝ գնդակը ձեռքիս։ Ժամանակ չեմ ունեցել այդ հարցի մասին մտածելու (ժպտում է)։
-Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը։
-Թփով տոլմա։
-Ամենասիրելի ֆիլմը։
-Rocky Balboa, Creed
-Վերջին կարդացածդ գիրքը։
-Luca Caioli, Ronaldo
-Երաժշտական սիրելի ոճը։
-Գրեթե բոլոր ոճերն էլ սիրում եմ, բայց Ռեփ՝ մի փոքր ավելի։
Սուրեն Մելիքսեթյան