Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացքի մեջ է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Քիչ առաջ ավարտված 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։
Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկը վնասվածք ստացավ՝ չկարողանալով գլխավերևում պահել 196 կիլոգրամանոց ծանրաձողը։ Կարապետյանը մոտեցավ երրորդ անգամ, սակայն ոտքի վնասվածքը թույլ չտվեց վերջինիս՝ հաջող կատարել վարժությունը։
Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, Անդրանիկը ոտքի քառագլուխ մկանի ջիլն է կտրել։
Երկամարտի 371 կգ արդյունքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց կորեացի Յու Դոնջուն։ Նույն քաշը բարձրացրեց նաև ուզբեկ Սարվարբեկ Զաֆարժոնովը, սակայն կորեացին առաջինն էր մոտեցել պատվիրված քաշին, այդ պատճառով արժանացավ ոսկե մեդալին։
Զաֆարժոնովն արժանացավ արծաթե մեդալին, իսկ երկամարտի 370 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ վրացի Ռևազ Դավիթաձեն։