Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել է «Չելսիին» և գոլառատ խաղն ավարտել ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։ Հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ-Արենա» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 2-րդ րոպեին բացել է լոնդոնցիների գերմանացի հարձակվող Տիմո Վերները։ Առաջին կեսի վերջնամասում Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները երկու գոլ են խփել ու առաջ անցել հաշվի մեջ․ նախ 38-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Կլաուդինյոն ու հավասարեցրել հաշիվը, ապա 3 րոպե անց Սերդար Ազմունը հաշիվը դարձել է 2-1։
Երկրորդ կեսում թիմերը ևս երեք գոլ են խփել․ Նախ 62-րդ րոպեին «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն է գրավել ռուսական թիմի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-2, ապա հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Վերները դուբլ է ձևակերպել։ «Զենիթի» ֆուտբոլիստները 90+5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ փրկվել են պարտությունից․ Ալեքսանդր Երոխինն է դարձել գոլի հեղինակ ու փրկել իր թիմին պարտությունից։
H խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Մալմյոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել շվեդական ակումբի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 18-րդ րոպեին հեղինակել է Մոյզե Քինը։
Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուս» իր միավորների թիվը հասցրել է 15-ի և գլխավորել H խմբի մրցաշարային աղյուսակը՝ առաջին տեղով դուրս գալով խմբից։ «Չելսին»՝ 13 միավորով, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Զենիթը» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում (5)։ «Մալմյոն» 6 խաղից հետո ընդամենը մեկ միավորով եզրափակել է քառյակը։