Բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին իսկ օրվանից մրցավայրում հայ բռնցքամարտիկների կողքին է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Եզրափակչից առաջ ՀԲՖ մամուլի ծառայությունը զրուցել է Հովհաննես Հովսեփյանի հետ:
Հիշեցնենք՝ Դավիթ Չալոյան — Մարկ Պետրովսկի մենամարտը կկայանանա Երևանի ժամանակով ժամը 22:30-ից 23-ն ընկած ժամանակահտվածում:
-Պարոն Հովսեփյան աշխարհի առաջնությունում մենք ունենք եզրափակչի մասնակից և ևս մեկ բրոնզե մեդալ: Հայկական բռնցքամարտում այսպիսի արդյունք ավելի քան 12 տարի չէր եղել: Երբ գալիս էինք աշխարհի առաջնության հավատու՞մ էիք, որ նման արդյունքի կհասնենք:
-Իհարկե հավատում էի, նաև ավելին էինք սպասում, բայց որոշ բռնցքամարտիկների մոտ չստացվեց, ունեցանք նաև վնասվածք: Թեպետ երկու մեդալն էլ վատ արդյունք չէ, նույնիսկ Ուկրաինայի պես հարուստ ավանդույթներ ունեցող երկիրը կիսաեզրափակիում երկու մասնակից չուներ, իսկ Անգլիան, որը համարվում է բռնցքամարտի ուժեղագույն երկրներից մեկը, առհասարակ ոչ մի մասնակից չուներ կիսաեզրափակչում: Աշխարհի այս առաջնությունը շատ ուժեղ ու շատ բարդ էր, ուստի ես գոհ եմ արդյունքից, թեպետ սա դեռ մեր սահմանը չէ: Ես վստահ եմ, որ Դավիթ Չալոյանը կարողանալու է հաղթել : Նա բոլոր հնարավորություններն ունի հաղթելու և հայ ազգին չեմպինոական տիտղոս պարգևելու: Ամբողջ հայ ժողովուրդը սպասում է դրան:
-Հատկապես ո՞ր հատկանիշների շնորհիվ Դավիթ Չալոյանը հասավ եզրափակիչ, ու ի՞նչն է է Ձեզ այդքան վստահություն տալիս, որ նա կարող է հաղթել, չէ որ նա առաջնության էր եկել ոչ ֆավորիտի կարգավիճակով:
-Էական չէ նա առաջնության է եկել ֆավորիտի, թե ոչ ֆավորիտի կարգավիճակով: Ես միշտ նշել եմ, որ ցանկացած բռնցքամարտիկի էլ հնարավոր է հաղթել, անգամ ֆավորիտներին: Եթե մարզիկն ունի կամային որակներ, տեխնիկատակտիկապես գրագետ է ու լսում է ռինգի անկյունում նստած մարզիչներին, նա կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Դավիթն այդ մարզիկն է: Նա լավագույնս իրեն դրսևորեց ռինգում և ցույց տվեց ինչպես կարելի է հաղթել ֆավորիտներին՝ այդ թվում օլիմպիական խաղերի մասնակիցներին, բանակայինների աշխարհի չեմպիոնին: Ընդ որում նա ռևաշի հասավ Մոսկվայում կրած պարտության դիմաց, իսկ դա խոսում է նրա կամային բարձր որակների մասին:
-Իսկ ավելի մասնագիտորեն ին՞չ պետք է անի ռինգում չեմպիոնական մենամարտում հաղթելու համար:
-Պետք է անի այն, ինչ արեց նախորդ 4 մենամարտերում: Չնկճվի, պայքարի մինչև վերջ: Վստահ եմ՝ մարզիչների հետ նա կուսումնասիրի, կգնահատի մրցակցին, որի արդյունքում մենք շատ մեծ հնարավորություններ կունենանք: