Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն այս տարի նշում է հիմնադրման 75-ամյակը, ինչի առթիվ ինստիտուտի հիմնադրամը որոշում է կայացրել թողարկել անվանական հուշամեդալներ՝ ի պատիվ բուհի հիմնադիր-տնօրեն Հայկ Փարսադանյանի։
Հուշամեդալներ հանձնվել են ոչ միայն սպորտի, այլև այլ բնագավառներում ևս ձեռքբերումներ ունեցած և իրենց գործունեությամբ աչքի ընկած շրջանավարտներին։ «Հայկ Փարսադանյանի անվան 75 ամյակի» պատվո հուշամեդալով է պարգևատրվել նաև «Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի» շրջանավարտ, Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Էմին Եղիազարյանը։ Սպորտում կոփած որակներն ու հմտություններն էլ թերևս օգնել են սպորտի վարպետ Էմին Եղիազարյանին այլ ոլորտում հաջողություններ գրանցելուն։ Գինեգործության ոլորտում գործունեության ծավալումը, սակայն, չի ընդհատել Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Էմին Եղիազարյանի կապն իր հարազատ բուհի հետ, ավելին՝ տվել է հնարավորություն իր ավանդն ունենալու բուհի և հայկական սպորտի զարգացման գործում։
Էմին Եղիազարյանին հուշամեդալը հանձնել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ Նա ևս իր խոսքում ոգևորությամբ նշել է, որ իրենց շրջանավարտները տարբեր ոլորտներում կարողացել են մեծ հաջողություններ գրանցել։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Իջևանի գինու-կոնյակի գործարանում, որին ներկա են եղել բուհի գիտական խորհրդի և ռեկտորատի անդամները, Իջևանի գինու-կոնյակի գործարանի վարչական կազմը։
Իր հերթին Էմին Եղիազարյանը Դավիթ Խիթարյանին նվիրել է 40 տարվա հնեցման «Աբգար Արքա» կոնյակը, որը Իջևանի գինու-կոնյակի գործարանի պարծանքն է և Հայաստանի հայտնի կոնյակներից մեկը։
Պարգևատրման արարողությունից հետո հյուրերը շրջայց են կատարել գործարանի ողջ տարածքով, եղել են արտադրամասերում, մառաններում, ծանոթացել գործարանի պատմությանը, արտադրման գործընթացին:
Այդ օրը բուհին է նվիրաբերվել նաև գինու տակառներից մեկը, որը կմնա գործարանի մառանում և կբացվի բուհի համար հատկանշական առիթով: