ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը խոսել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Միջմրցաշրջանում Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ, իսկ Ռոնալդուն՝ ՄՅՈՒ։
«Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխություննե՞րը։ Դրանք երկու տարբեր դեպքեր են․ առաջինը Մեսսիի դեպքն է, որը 16 տարի «Բարսելոնայում» է խաղացել։ «Բարսան» հիմա ֆինանսական դժվարություններ ունի, ու բավականաչափ միջոցներ չունի ոչ միայն Մեսսիին, այլև ուրիշ տաղանդավոր խաղացողների գրավելու համար։ Ո՞վ կտանի հիմա Մեսսիին։ Միայն նա, ով շատ փող ունի։ Եվ դա ՊՍԺ-ն է, իսկ նրա սեփականատերը Քաթարից է։
Ռոնալդուի հետ կապված ամեն ինչ այլ է։ Նա իր կարիերան սկսել է ՄՅՈՒ-ում։ Դրանից հետո մի քանի այլ ակումբներում է եղել, նա փոփոխություն էր ուզում, որովհետև կարծում էր, որ լավագույն ակումբին է արժանի։ Ֆուտբոլիստներն իրենց պատկերացումներն ունեն այն մասին, թե ինչն է իրենց համար ավելի լավ։ Մի քանի տարի անց Կրիշտիանուն ցանկացավ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Հիմա նա երջանիկ է։ Նրա համար դա կարիերայի տրամաբանական ավարտ է։ Մեսսիի համար կարիերայի ավարտը լրիվ այլ ակումբում կլինի։ Նա արգենտինացի է, իսպաներեն է խոսում, իսկ հիմա գնացել է այնտեղ, որտեղ բոլորը ֆրանսերեն են խոսում։
Երկուսին էլ հաջողություն եմ մաղթում, որովհետև նրանք շատ տաղանդավոր են, վերջին 10 տարիներին Մեսսին ու Կրիշտիանուն բարձունքում են եղել, իսկ հիմա նրանց կարիերայի բարեհաջող ավարտ եմ մաղթում»,- Բլատերի խոսքերն է փոխանցում «Известия»-ն։