Հաշված ժամեր են մնացել 2021թ ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը եվրոպական առաջատար լիգաներում։ Այսօր կկայանան բազմաթիվ տրանսֆերներ և մենք Ձեզ կներկայացնենք դրանցից կարևորագույններն ու ամենահետաքրքիր գործարքները՝ LIVE տարբերակով։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Բենֆիկան» հայտարարել է «Ինտերից» կիսապաշտպան Վալենտինո Լազարոյի տեղափոխության մասին: Պորտուգալական ակումբը վարձակալել է 25-ամյա ավստրիացուն մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Լազարոն «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականին «Հերտայից»: Այս ընթացքում նա վարձավճարով խաղացել է «Նյուքասլում» և Մյունխենգլադբախի «Բորուսիայում»։
«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շուտով կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ:Նա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ակումբների միջև գործարքն արդեն համաձայնեցված է`«Ռեալը»18-ամյա ֆրանսիացու համար կվճարի 31 մլն եվրո, գումարած բոնուսներ:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» պաշտպան Մարին Պոնգրաչիչի հետ, ով այսօր առավոտյան հաջողությամբ բուժզննում է անցել դորտմունդյան ակումբում: Թիմերի միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:
Sky Sports-ի համաձայն, «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն այժմ ակտիվ բանակցություններ է վարում «Լիոնի» հետ: Բոատենգն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:
Պաշտոնական․ «Աթլետիկի» կիսապաշտպան Ունաի Լոպեսը փոխել է ակումբային գրանցումը: 25-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»:
«Արսենալը» «Բոլոնիայի» հետ համաձայնեցրել է 23 մլն եվրոյով ճապոնացի Տակեհիրո Տոմիասուի տրանսֆերը: Իսկ Հեկտոր Բելերինը կհեռանա «Արսենալից»: Նա մոտ է «Բետիս» տեղափոխվելուն: Նա արդեն բուժզննում է անցնում նոր ակումբի համար: «Արսենալից» վարձակալական հիմունքներով կհեռանա նաև եզրային հարձակվող Ռիս Նելսոնը: Անգլիացին կտեղափոխվի «Ֆեյենորդ»:
⚽ «Էլչեն» պաշտոնական կայքում հայտարարեց հարձակվող Լուկաս Պերեսի տեղափոխության մասին: 32-ամյա իսպանացու հետ պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար: Պերեսը նոր թիմ է տեղափոխվել անվճար այն բանից հետո, երբավարտվել է նրա պայմանագիրը «Ալավեսի» հետ:
Պաշտոնական․ «Բրայթոնի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել «Խետաֆեի» կիսապաշտպան Մարկ Կուկուրելայի հետ: Կիսապաշտպանի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը:
⏳ «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ է «Տոտենհեմին» միանալուն: Այս մասին հաղորդում է skysports.com-ը: Տրանսֆերի գումարը կկազմի 30 միլիոն եվրո: Բրազիլացին արդեն համաձայնեցրել է անգլիական ակումբի հետ անձնական պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է «Матч ТВ»-ն, «Օլիմպ-Դոլգոպրուդնի-2» -ի հարձակվող Արթուր Սարկիսովը միացել է «Կուբան» ակումբին, որտեղ նա փորձաշրջան կանցնի: Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՖԱԼ-2-ում անցկացրել է 5 հանդիպում և կատարել է մեկ գոլային փոխանցում:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Լա լիգայում, հայտնում է B/R Football-ը: Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողը այժմ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:
⚽ «Հերտան» պաշտոնական կայքում հայտարարեց «Նիցայի» կիսապաշտպան Միզյան Մաոլիդայի տեղափոխության մասին: 22-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարվա համար։
🩺 «Բարսելոնայի» կիսապաշտպան Էլիշա Մորիբան ժամանել է Գերմանիա, որպեսզի բուժզննում անցնի «ՌԲ Լայպցիգ» տեղափոխվելուց առաջ: 18-ամյա գվինեացի ֆուտբոլիստը «Տոտենհեմի» տրանսֆերային նպատակն էր, սակայն ԱՊԼ-ի փոխարեն ընտրեց Բունդեսլիգան, գրում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Թուրինյան ակումբի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի ֆուտբոլիստի համար 5 տարվա ընթացքում կվճարի 15 միլիոն եվրո: Այս գումարը կարող է ավելանալ առավելագույնը ևս 8 միլիոնով՝ պայմանավորված նոր թիմում Ռոնալդուի հաջող ելույթներով:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Ատալանտան» պաշտոնական կայքում հայտարարեց «Ալկմարից» կիսապաշտպան Թեյն Կոպմայներսի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել Բերգամոյի ակումբի հետ:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ԲԿՄԱ-ն պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի տեղափոխության մասին «Վեսթ Հեմ»: Գործարքի արժեքը կազմել է մոտ 30 մլն եվրո։
✅ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հաստատեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Վալենսիայի» պաշտոնական կայքը հայտարարել է «Գրանադայի» աջ պաշտպան Դիմիտրի Ֆուլչյեի տեղափոխության մասին: 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարվա համար:
«Յուվենտուսը» հայտարարել է Մոյզե Քինի՝ ակումբ վերադառնալու մասին: Հաղորդվում է, որ «Էվերթոնը» և «Յուվենտուսը» պայմանավորվել են 21-ամյա հարձակվողին 2 տարով վարձակալելու շուրջ՝ որոշակի պայմաններով գնելու պարտավորությամբ: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո:
Տրանսֆերային շուկայում ակտիվ են նաև հայկական ակումբները․ «Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական Դահո Կոտոկոպիան։
❌ «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն այս ամառ չի վերադառնա «Յուվենտուս», հայտնում է Goal.com-ը: Թուրինյան ակումբը որոշել է վարձակալության առաջարկ չուղարկել կատալոնական ակումբ՝ կենտրոնանալով ՊՍՎ-ի 19-ամյա կիսապաշտպան Մոհամմեդ Իհատարենի ձեռքբերման վրա:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Կորինտիանսը» պաշտոնական կայքում հաստատել է կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերը: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ 33-ամյա բրազիլացին պայմանավորվել է «Արսենալի» հետ խզել պայմանագիրը: Նոր ակումբի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով:
💥 ԱՆՍՊԱՍԵԼԻ․ «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Ինչպես հայտնում է Canal Plus-ը, 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում մադրիդյան ակումբին միանալուց առաջ:
«Բիրմինգհեմը» պաշտոնական կայքում հայտարարեց հարձակվող Տրոյ Դինիի տեղափոխության մասին: 33-ամյա անգլիացին 11 տարի անց լքեց «Ուոթֆորդը», որի կազմում անցկացրել էր 419 հանդիպում՝ խփելով 140 գոլ:
Հայաստանի պատանեկան հավաքականի և հունական «Քսանտիի» պաշտպան Արման Մարկոսյանը տեղափոխվել է «Ֆիորենտինա»:Արմանը դեռևս հանդես կգա Պրիմավերայում` Ֆլորենցիան ներկայացնող ակումբի երիտասարդական թիմում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել փորձաշրջան անցնելուց հետո: Պաշտպանին անձամբ իր թիմում ցանկացել է տեսնել «մանուշակների» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Ակվիլանին: