Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ մինչ օրս պահվում են հայ ռազմագերիներ, այսօր կկայանա Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումը։ Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հանգիստ, ասես ոչինչ էլ չի կատարվել ու չի կատարվում, կայցելեն մի երկիր, որն ընդամենը մի քանի ամիս առաջ հրահրել էր պատմության ամենադաժան պատերազմներից մեկն ու դեռ շարունակում է իր չարագործություններն արդեն ՀՀ սահմաններից ներս։
«Սպորտը դուրս է քաղաքականությունից»,- կմտածեն «մարդասեր» եվրոպացիները։ Իսկ մենք նրանց կհիշեցնենք դեռ մի քանի ամիս առաջ տեղի ունեցածը՝ կապված Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) որոշման հետ։
Եվ այսպես, հոկեյի 2021 թվականի աշխարհի առաջնությունը պիտի կայանար Բելառուսում, բայց երկրի նախագահական ընտրություններն այնքան էլ Եվրոպայի սրտով չէին։
Բելառուսի մայրաքաղաքում մրցաշարը չանցկացնելու հարցն օրակարգ եկավ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո, որին հաջորդեցին շարունակական զանգվածային բողոքները: Սպորտային և քաղաքական մի շարք կազմակերպություններ, այդ թվում ՝ Եվրախորհրդարանը, կոչ արեցին IIHF–ին Բելառուսից խլել Աշխարհի գավաթն անցկացնելու իրավունքը՝ երկրում մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների, ինչպես նաև ծանր իրավիճակի պատճառով:
Թեպետ Բելառուսի նախագահն իր հերթին նշել էր, որ առաջնությունը Մինսկից տեղափոխելու հիմքեր չկան՝ խոստանալով կազմակերպել «բացարձակապես անվտանգ» և նույնիսկ «պատմության մեջ լավագույն» առաջնությունը, մրցաշարը, այնուամենայնիվ, տեղափոխվեց։ Այն կայացավ Լատվիայում։
Ընդգծենք, որ թեև Բելառուսում, գուցե, խախտվում էին մարդու իրավունքները, բայց այնտեղ ներքաղաքական հարցեր էին, իսկ Ադրբեջանը, որն այսօր խրախճանք է կազմակերպում Եվրոպայի համար, խախտել և խախտում է մարդու կյանքի իրավունքը։
Սպորտը երբեք էլ դուրս չի եղել քաղաքականությունից։ Դրա վառ վկայությունը նաև 1992 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն էր, երբ Հարավսլավիայի հավաքականը, որը հայտնվել էր մրցաշարի եզրափակիչ փուլում, հենց սկզբից հեռացվեց մրցաշարից՝ քաղաքական թեմաների հետ կապված այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով։
Իհարկե, չէինք կարող մոռանալ նաև 2019-ի Եվրոպա լիգայի եզրափակիչը։ Երկու լոնդոնյան թիմերի՝ «Արսենալի» ու «Չելսիի» միջև եզրափակիչը պետք է կայանար Բաքվում։ Այն ժամանակ «զինագործների» կազմում հանդես եկող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, իհարկե, չմեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք, թեպետ այն ժամանակ էլ այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարն էր այդ առիթով կրկնել ծեծված արտահայտությունը․ «Սպորտը քաղաքականությունից դուրս է»։ Մոռացե՞լ էին Ադրբեջանի իշխանություններն այս ծեծված խոսքերը, երբ փորձում էին ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին զրկել ԵԱ-2020-ի հավատարմագրումից, կամ երբ արգելափակում էին ազգությամբ ռուս լրագրողներ Կոնստանտին Գենիչի և Միխայիլ Մոսակովսկիի՝ Եվրո-2020-ի հավատարմագրումները 2009-ին Արցախ այցելելու պատճառով, թե՞ այլևս համամիտ չեն այդ խոսքերի հետ։
Իսկ ՈՒԵՖԱ-ի՝ երևի էլի մարդու իրավունքների հանդեպ խախտումներ «չհանդուրժող» պատվիրակությունն այսօր կայցելի մարզադաշտ, որից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ պահվում են հայ ռազմագերիները․․․․
Ստելլա Բաբլոյան